Բուժկենտրոններում առկա են մեկուսարաններ, որտեղ տեղափոխվում են ջերմող, սուր շնչառական վարակի ախտանիշներով պացիենտները

Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում առկա են մեկուսարաններ, որտեղ տեղափոխվում են ջերմող, սուր շնչառական վարակի ախտանիշներով պացիենտները, եւ անհրաժեշտության դեպքում իրականացվում է նմուշառում։

Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից մեր այն հարցմանն ի պատասխան, թե ինչպե՞ս է կարգավորվում հիվանդանոցներում ընդունելության հարցը, երբ քաղաքացին, կարող է դիմել տեղի ԲԿ եւ չիմանալով, որ հիվանդ է COVID-19-ով, վարակել բուժանձնակազմին եւ մյուս պացիենտներին։

Ըստ պատասխանի՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման, իրականացման ու գնահատման գործընթացներին մասնակցող ԲԿ-ի մասնագետներն առաջնորդվում են առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցներով։

Նախարարությունից նաեւ հավելեցին՝ «թոքաբորբ» ախտորոշմամբ պացիենտներին իրականացվում է ՊՇՌ մեթոդաբանությամբ թեստավորում։

Հիշեցնենք, որ մինչեւ մեր հարցման պատասխանը ստանալն այս խնդրի վերաբերյալ խոսել էր նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ Հայաստանում բոլոր ԲԿ-ները հրահանգավորված են՝ աշխատանքները ճիշտ իրականացնելու համար։ Բժիշկները պետք է պահպանեն անձնական պաշտպանության կանոնները: Հետեւելով ուղարկված ալգորիթմներին՝ որոշեն՝ ինչպես տեսակավորել դեպքերը․ տեղափոխել այլ հիվանդանոց, թե առկա առանձնահատկություններից ելնելով՝ թողնել նույն վայրում՝ պահպանելով հակահամաճարակաբանական բոլոր միջոցառումները։

Նյութի աբյուր՝ Հայկական Ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ