«Լավաշի օր» միջոցառումը հետաձգվում է 1 տարով

2020 թվականի օգոստոսի 1-ին Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում նախատեսված «Լավաշի օր» միջոցառումը՝ հայ և միջազգային հյուրերի մասնակցությամբ, հետաձգվում է:

«Հաշվի առնելով մեր երկրում և ողջ աշխարհում տիրող ներկայիս իրավիճակը, նաև կարևորելով բոլորիս առողջությունը՝ «Դար» հիմնադրամը որոշում կայացրեց հետաձգել «Լավաշի օր» միջոցառումը 1 տարով: Այն անպայման տեղի կունենա 2021 թվականին:

Այն դառնալու էր տարվա կարևորագույն միջոցառումներից մեկը՝ գոհացնելով հայ և օտարերկրյա զբոսաշրջիկներին՝ անկախ տարիքից: Միջոցառումը նվիրված էր լինելու հայկական լավաշին, որը 2014 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում և հայերի արժեհամակարգի կարևորագույն տարր է:

Միջոցառման նպատակն է ոչ միայն կարևորել լավաշի դերը հայ ժողովրդի կյանքում և մշակույթում, այլև աշխարհին ներկայացնել լավաշը՝ որպես հայկական մշակույթի անբաժան և անժխտելի մաս։

Հայկական լեռնաշխարհում լավաշ թխելու մշակույթը ծնունդ է առել անհիշելի ժամանակներից: Այն հայերի համար եղել է ոչ միայն սնունդ, այլև ընտանիքի, բարեկեցության և առատության խորհրդանիշ։

Միջոցառման գլխավոր նպատակն է հայ և օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը սևեռել դեպի տարածաշրջանի գյուղական համայնքներ՝ կարևորելով համայնքների համաչափ և իրադարձային զբոսաշրջության զարգացումը:

Միջոցառումը նախատեսվում է ամեն տարի անցկացնել այս տարածաշրջանում և դրանով իսկ զարկ տալ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը:

Ծրագրին և միջոցառման այլ մանրամասներ կտեղեկացնենք մի քանի ամսից:

Բոլորիս մաղթում ենք առողջություն և համոզված ենք, որ այս միջոցառումը հաջորդ տարի կլինի էլ ավելի սպասված»,- ասված է հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ