Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ անդրադառձել է նախընտրական ծրագրի հիմնադրույթներից համարվող այգեգործության զարգացմանը:
Ինչպես գիտեք, մենք հայտարարել ենք 10 հազար հեկտար նոր այգիներ (նուռ, կիվի, ընկույզ, տանձ, արքայանարինջ և այլն) տնկելու և գյուղատնտեսության այդ ճյուղը, որը համարում եմ մեր տնտեսության ունեցած ներուժի ծանրակշիռ և դեռևս ամբողջությամբ չիրացված ոլորտը, որակական նոր մակարդակի հասցնելու մասին:
Տունկը հիմնականում իրականացվել է այն տարածքներում, որոնք պետական եւ բարեգործական աջակցությամբ դարձել են ոռոգովի: Տնկիների մեծ մասն անվճար հիմունքներով տրամադրել է պետությունը. պետական մեծ աջակցություն է սպասվում այդ տնտեսություններին նաև կաթիլային համակարգի տեղադրման գործում: Իսկ որպեսզի զերծ մնանք շահարկման հերթական առիթից, տեղեկացնեմ, որ այդ ծրագրի շահառուները մեր ավելի քան 300 հայրենակիցներն են:
Այս քաղաքականությունը, ինչպես արդեն նախանշել ենք, ոչ միայն շարունակական է լինելու, այլև տրամադրվող պետական հատկացումների հաշվին մեծացվելու են ծավալները, ոռոգովի տարածքները և, ամենակարևորը, հանրային հաշվետվողականությունն ու ծրագրից օգտվելու պայմանների թափանցիկությունը: Ովքեր դեռ չեն հավատում, պետք է հիասթափեցնեմ՝ հայտարարելով, որ անաչառ կառավարումն ու հավասար հնարավորությունները ստեղծվելու են բոլորի համար: Իսկ փոխարենը լինելու ենք խիստ, պահանջկոտ ու հետևողական:
Ես հավատում եմ Արցախի ծաղկուն ապագային. մենք այն տեսանելի կդարձնենք միասին»: