Կորոնավիրուսը՝ համամարդկային սարսա՞փ, թե՞ համաշխարհային բլեֆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջատար մասնագետ և Լոնդոնի Կայսերական քոլեջի պրոֆեսոր Դևիդ Նաբարոն հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ տեսանելի ապագայում կարող է չստեղծվել ընդհանրապես, քանի որ կորոնավիրուսը բավականին բարդ տիպի վարակ է: Նա հայտարարել է, որ մարդկությունը պետք է հաշտվի այն մտքին, որ ապրելու է վարակի հետ կողք կողքի և պետք է նորմ դարձնի այն վարքագիծը, որը ապահովագրում է վարակի տարածումից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնվել է ԱՄՆ թիրախում, որի նախագահը հայտարարել է, որ այդ կառույցը «սխալվել» է Չինաստանի օգտին: Այդ կառույցի ղեկավարը՝ Եթովպիայի նախկին արտգործնախարար Գեբրեյեսուսը, թե՛ իր հայրենիքում, թե՛ արդեն ԱՀԿ նախագահ եղած ժամանակ հայտնվել է մի քանի կոռուպցիոն սկանդալների շուրջ կասկածների տակ: Համաշխարհային վարակը գործնականում ԱՀԿ փաստացի անգործության կամ վատ գործունեության հետևանք է, այլապես ինչի՞ համար է ստեղծված այդ կառույցը, ինչի՞ համար են երկրները նրան տարեկան հատկացնում ընդհանուր հարյուրավոր միլիոն դոլարներ, եթե աշխարհը պետք է ի վերջո կանգնի այդպիսի փաստի առաջ՝ լինի այդ փաստը իրական վտանգ, թե ուռճացված: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ սկսել են ԱՀԿ գործունեության քննություն՝ կորոնավիրուսի վարակի ֆոնին, և մինչ քննության ավարտը դադարեցրել են այդ կառույցի ֆինանսավորումը: Իսկ ԱՄՆ ֆինանսավորումն այդ հարցում կազմում է առանցքային ծավալ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջատար մասնագետն այս անգամ էլ փաստորեն հանրություններին հայտնում է, թե անհույս է պատվաստանյութի սպասելը: Բանն անշուշտ պատվաստանյութը չէ, քանի որ վերջին հաշվով դրան շատ մոտ ապագայում սպասելը այնքան էլ հավանական չի թվում: Խնդիրն այն է, թե ԱՀԿ-ն ինչ ազդակներ է տալիս հանրություններին, որոնք արդեն թերևս մոտ են հոգեխանգարմունքի:

Կորոնավիրուսով պայմանավորված համաշխարհային վիճակը ունի ոչ միայն տնտեսական հետևանքի խնդիր, այլև դրանից թերևս ոչ պակաս՝ հոգեբանական: Մարդիկ ամիսներով և շաբաթներով փակված են տներում, և նրանց անընդհատ ասում են, որ դեռ երկար ժամանակ այդպես էլ պետք է լինի: Այսինքն՝ գերժամանակակից, տեխնոլոգիական ամենօրյա հեղափոխությամբ աշխարհում մարդկանց թելադրվում է մի տեխնոլոգիա՝ մնացեք տներում: Եվ դրա համար որոշակի կառույցներ ու մարդիկ փաստորեն ֆինանսավորվում են այն միջոցներից, որոնք պատկանում են հենց այն մարդկանց, որոնց փակել են տներում:

Մենք գործ ունենք իրականում համամարդկային սարսափի՞ հետ, թե՞ համաշխարհային բլեֆի, որի շնորհիվ ուռճացվում է կորոնավիրուսը ու մարդկությանը պարտադրվում որոշակի վարքագիծ և հոգեվիճակ: Անկասկած է մի բան, որ մոլորակի համար ահռելի բեռ է դարձել համաշխարհային բյուրոկրատիան, որի հարցը լուծելը մարդկության համար պակաս կարևոր չէ, քան կորոնավիրուսի հարցը լուծելը: Ընդ որում, պետք չէ բացառել, որ կորոնավիրուսի պայմաններում սկսվել է նաև մեծ դիմադրություն՝ մարդկության և համաշխարհային բյուրոկրատիայի:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ