Մարալիկում գրանցվել է կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքը

Այսօր Մարալիկում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք: 90-ամյա տարեց տղամարդը, որի նմուշառումը գիշերը դրական արդյունք էր տվել, ախտորոշման հաստատումից 1 ժամ անց մահացել է:

«Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողների մեկը, որի մոտ հաստատվել էր կորոնավիրուս, պարզվեց, որ տանը խնամում է իր 90-ամյա հայրիկին: Օրեր շարունակ մենք քննարկում էինք պապիկի հոսպիտալացման հարցը, բայց քանի որ վիճակը ծանր էր, որոշում կայացվեց չտեղաշարժել: Պապիկից նմուշառում կատարվել է իր տանը, նա ինֆեկցիոն հիվանդանոց չի տեղափոխվել, տարածված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:

Թեստի պատասխանը լուսադեմին ստացվեց, դրական էր: Ցավոք, մեկ ժամ անց նա մահացավ: Եթե չմահանար, պետք է տեղափոխեինք ինֆեկցիոնում մեկուսացված իր աղջկա հիվանդասենյակ, քանի որ ուրիշ խնամող չուներ տանը: 90-ամյա պապիկին, հարազատների հետ խորհրդակցելուց հետո, հուղարկավորեցին այսօր՝ կեսօրին»,-  տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Ըստ մարզպետի՝ այս պահին Մարալիկ և Ձորակապ համայնքներում վիճակը վերահսկելի է, տեղում մեքենաների ու քաղաքացիների երթևեկությունը հսկում են ոստիկանության աշխատակիցները: Տարանցիկ ավտոմեքենաների և բեռնատարների երթևեկությունը թույլատրվում է, իսկ մարդատարներինը՝ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Այսօր  Հիանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի աշխատակիցները կատարել են ևս 5 բուժաշխատողների նմուշառում: Նրանք  կենտրոնի հերթափոխով աշխատողներն են, որոնք մյուսների հետ շփում չեն ունեցել, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս մեկ դրական դեպք:

Այսպիսով, Մարալիկում այս պահին կա 19 հաստատված վարակակիր: Նրանք մեկուսացված են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Մարալիկում և Ձորակապում շարունակվում են ախտահանման միջոցառումները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ