Հիշո՞ւմ եք, թե թավշյա հեղափոխությունից օրեր անց, երբ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանդիպել էր ՀՀԿ-ական պատգամավորների հետ, ինչ հարցեր էին ուղղում նրան, ինչպես էին ՀՀԿ-ական կարկառունները փորձում «ճշտել» ապագա վարչապետի աշխարհաքաղաքական կողմնորոշումը։ Մեկը, օրինակ, հիշեցնում էր, որ Փաշինյանի թիմից ոմանք ունեն հակառուսական տրամադրություններ, մյուսները հետաքրքրվում էին նրա՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի հետ հնարավոր համագործակցության հեռանկարներով։
Ժողովրդական խոսակցություններում ՀՀԿ-ի պահվածքն այդ օրերին որակվեց որպես ժողովրդի իշխանության վրա «դրսից տղա բերելու փորձ»։ Հետագայում էլ, երբ 2008թ․ մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով ազատազրկվեց Ռոբերտ Քոչարյանը, ՀՀԿ-ի հովանու ներքո գործող ԶԼՄ-ներում օրումեջ հայտնվում էին ռուս քաղաքագետներ, վերլուծաբաններ, որոնք «մատ էին թափ տալիս» Փաշինյանի իշխանության վրա և սպառնում, թե նախկին նախագահին ազատ չարձակելու դեպքում ինչ է սպասվում հայ-ռուսական հարաբերություններին։
«Այդպիսի ուղղակի ձևակերպմամբ հարցին դժվարանում եմ պատասխանել: Ավելի շուտ կենթադրեի, որ ռուսական իշխանությունները Հայաստանի ցանկացած իշխանության նախընտրում են վերահսկել, իսկ հնարավորության դեպքում՝ նաև կառավարել, ոչ միայն տնտեսական ճնշման գործիքներով, կամ ներդրված մարդկանց միջոցով՝ մասնավորապես չբարեփոխված կառույցներում, այլև կառավարելի ընդդիմության միջոցով: Դա չի նշանակում սատարել՝ իշխանության բերելու իմաստով: Մյուս կողմից, ապաստան ստացածներն արդեն ինչ-որ չափով տարանջատվում են նախկին ռեժիմի իշխանատենչ գործիչներից, նրանք ուղղակի իրենց քրեածին բնույթով «յուրային» են ռուսական իշխանությունների համար և պաշտպանության արժանի՝ ինչպես նախկին ԽՍՀՄ-ի մյուս նախկին իշխանավորները և նրանց մերձավոր քրեական տարրերը, առավել ևս, որ նրանք նաև վճարունակ են և նման պաշտպանության համար պատրաստ են վճարել:
Արմեն Գրիգորյանը դժվարացավ ասել, թե ովքեր, ինչ շրջանակներ են ՌԴ-ում աջակցում Ռոբերտ Քոչարյանին։ «Կոնկրետ անձանց վերաբերյալ ենթադրություններ անելը նպատակահարմար չեմ համարում»,- նշեց քաղաքագետը:
Քաղաքագետից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպե՞ս է գնահատում Արցախի նոր նախագահի ընտրությունը Հայաստան-Արցախ փոխհարաբերությունների տեսանկյունից։
«Նորմալ աշխատանքային հարաբերություններ եմ ակնկալում, ինչ-որ դարակազմիկ փոփոխությունների առիթ չեմ տեսնում»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական