ՀՀ մարզերում մեկնարկել է գարնան գյուղատնտեսական աշխատանքները։ Գյուղացիները ահազանգում են, որ ազոտական պարարտանյութի խնդիր կա, կապված համավարակի հետ ներկրումն ուշանում է։ Հացահատիկի դաշտերին ազոտով պարարտանյութի սնուցման ժամանակն է, հակառակ դեպքում խնդիրներ կարող են առաջանալ։ Հատկապես Լոռու մարզի գյուղատնտեսներն են այդ մասով անհանգստացած։ Կարտոֆիլի ցանքսը ևս սկսվել է, սակայն այս դեպքում պարարտանյութի ուշացումը դեռ խնդիրներ չի հարուցում։
«Կարծում եմ՝ փոքր բիզնես է։ Ես գյուղացիներին խորհուրդ կտայի ամեն պատահական մարդուց տնկանյութ կամ սերմ ձեռք բերելուց անպայման ծագումնաբանական փաստաթղթերն ուզեն, որակի սերտիֆիկատները, ՀՀ գյուղնախարարության լաբորատորիաների ուսումնասիրության արդյունքները։ Մեր գյուղացիները շատ հաճախ ձեռք են բերում պատահական սերմեր ու ամառը նստում լաց լինում սերմերի վրա։ Ես կարծում եմ՝ ով որ զբաղվում է ներկրմամբ, չի կարողանում հարցը լուծել»,- նշեց Հրաչ Բերբերյանը։
Նրա խոսքերով՝ Հայաստանում գյուղատնտեսական աշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտի 10-15-ից։ Արարատյան դաշտավայրում խնդիր էր առաջացել մեղվաբուծության ոլորտում․ «Սա համաշխարհային խնդիր էր, բոլոր երկրներում նվազել է»։ Պտուղ-բանջարեղենի ոլորտում բերքը կլինի միջին, նշեց Բերբերյանը։ «Այսօր վարչապետին նամակ ենք ուղարկել, թե ինչ անհրաժեշտ պայմաններ պետք է լինեն, որպեսզի աշնանը մեր ցանքատարածությունները մեծացնենք»,- շեշտեց մեր զրուցակիցը։ Նրա վստահեցմամբ՝ արտակարգ դրությունը որևէ կերպ չի ազդել գյուղատնտեսական աշխատանքների վրա։
«Մանր-մունր խոչընդոտներ եղել են։ Դրանք հիմնականում տեղաշարժման հետ կապված է եղել։ Կամ Շիրակի ֆերմերները չեն կարողացել Երևան գալ թունաքիմիկատներ առնելու համար։ Բայց այդ բոլոր խնդիրները վերացան, որովհետև վարչապետը հայտարարեց, որ գյուղատնտեսական աշխատանքներին չպետք է խոչընդոտել»,- մանրամասնեց Հրաչ Բերբերյանը, ապա ավելացրեց՝ հիմնականում բանկերի քաշքշուկների հետ կապված։ Բերբերյանի կարծիքով՝ կառավարությունը վարկային ռեսուրսները ուշ է հատկացրել բանկերին։ Մենք մեկ ամիս առաջ սկսել ենք գյուղատնտեսական աշխատանքները, ապրիլին նոր կառավարությունը հատկացրել է։ Հնարավոր է՝ վիրուսը չլիներ, էդ օգնությունն էլ չլիներ։ Վարկերի հատկացումը ապրիլին նոր սկսվել է, որը, կարծում եմ, պետք է արվեր հունվար ամսին»,- ամփոփեց Հրաչ Բերբերյանը։
Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական