Մարալիկում ապրիլի 16-ին թեստավորված Առողջության կենտրոնի 60-ից ավելի աշխատակիցներից կորոնավիրուս է հաստատվել ևս 8-ի մոտ: 10 բուժաշխատողի մոտ հիվանդությունն արձանագրվել էր ապրիլի 15-ին:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Այն բուժաշխատողները, որոնց մոտ հիվանդությունը չի հաստատվել, ունեն ինքնամեկուսացման ցուցում: Կենտրոնի 50 աշխատակցի տրված է ինքնամեկուսացման ցուցում, 40 կոնտակտավոր մեկուսացված է: Կորոնավիրուսով հիվանդ բոլոր մարալիկցիները Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են: «Բոլորի ինքնազգացողությունը, բացի անձնակազմի մեկ ներկայացուցչից, վաբարար է, իրենց հետ կոնտակտի մեջ գտնված անձանց մեկուսացումն իրականացվել է, ինքնամեկուսացման ցուցումներ են տրվում շարունակաբար: ՀՎԿԱԿ-ն այս պահին Մարալիկում է, և աշխատանքներ է իրականացնում»,-ասաց մարզպետը:
Մարալիկում այս պահին ազատ տեղաշարժի սահմանափակումներ չկան, սակայն պարետատունը հարցը քննարկում է: Երբ լինի վերջնական ու հստակ որոշում, ըստ մարզպետի, կարվի տեղեկատվության պաշտոնական հրապարակում: «Պարետատան հետ այս պահին քննարկվում են մեխանիզմենրը, Մարալիկի պարագայում մեկ մոտեցում ունենք՝ կապված Մ1 մայրուղու հետ: Ճանապարհն անցնում է հենց Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի միջով, հիմա փորձելու ենք այդ միջանցքը չփակելով վերահսկել տեղաշարժը: Դնել խիստ սահմանափակում: Երբ որոշումն ամբողջական լինի, պարետատունը հանդես կգա ամբողջական հայտարարությամբ»,-տեղեկացրեց Տիգրան Պետրոսյանը:
Այլընտրանքային բոլոր ճանապարհները մարզում բաց են: Եթե որևէ մեկը որոշի Գյումրիից Երևան գնալ Արմավիրով, կամ մեկ այլ ճանապարհով, ազատ ընտրության հնարավորություն ունի: Ներկա պահին Մարալիկում իրականացվում է խստացված հերթապահություն: Բնակիչները ևս, ըստ մարզպետի, զգալիորեն սահմանափակել են տեղաշարժը:
Մինչ ճանապարհի հարցի հստակեցումն, արդեն հստակ որոշում կա Առողջության կենտրոնի աշխատանքների դադարեցման մասով: 2 շաբաթով կփակվի Մարալիկի Առողջության կենտրոնը: Մարալիկում գործելու է շտապօգնության ծառայություն: Սպասարկելու են Գյումրու և Արթիկի բրիգադները: ԱԻ նախարարության հետ արդեն քննարկվել է կենտրոնի ամբողջ տարածքի ախտահանման աշխատաքնների իրականացումը:
Ներկա պահին Շիրակի մարզում կա կորոնավիրուսի հաստատված 37 դեպք։ Երեկ՝ ապրիլի 17-ին ևս մեկ դեպք է արձանագրվել: Հիվանդը մեկուսացված է, ճշտված է շփման շրջանակը, օջախը հայտնի է: