«Կարոտել եմ ընտանիքս, կանաչը, սարերը, արեւից, անձրեւից պարզապես տեղյակ չենք»․Նորքի բժիշկ-վարակաբան

Բժիշկ Ռուբեն Գրիգորյանի լուսանկարը՝ դիմակով, ձեռքին՝ կարգախոս, մեկ ամիս առաջ հրապարակեց ՀՀ առողջապահության նախարարը։ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժիշկ-վարակաբանն արդեն մեկ ամսից ավելի է տուն չի գնացել։

Այս օրերին առաջացած դժվարությունների, COVID-19-ի դեմ պայքարի, խուճապի, կարոտի ու, միեւնույն ժամանակ, հումորի մասին պատմում է բժիշկը։

— Պարոն Գրիգորյան (հենց սկզբից ընդհատեց հարցը՝ միայն թե ոչ պարոն՝ բժիշկ կամ Ռուբեն), որքա՞ն ժամանակ է արդեն՝ առաջնագծում եք եւ տուն չեք գնացել։

— Հունվարի վերջից, երբ արդեն կասկած ու հոսք կար, կարելի է առաջնագիծ համարել։ Մարտի 1-ին, երբ առաջին հաստատված դեպքը եղավ, մենք արդեն արտակարգ ռեժիմով ենք աշխատել։ Ամիսուկես է՝ տուն չենք գնում (խոսելիս խորը շունչ է քաշում)։

-Ի՞նչն էր այս օրերին ամենաբարդը։

— Ժամանակի պակասը, որ աշխատանքը լիարժեք հասցնենք։ Ժամանակը պարզապես քիչ էր, մի պահ, մի շրջան է եղել, որ ընդհանրապես չէինք կարողանում հասցնել, բայց գիշերը ցերեկ անելով՝ գլուխ ենք բերել։ Բնականաբար, խոսում եմ՝ որպես քաղաքացի։ Եթե որպես անհատ խոսեմ, դժվարը ընտանիքի անդամներից հեռավորությունն է, որ չես կարողանում նույնիսկ որոշ ծագած հարցերին լուծում տալ։

— Այս օրերին ի՞նչն եք ամենաշատը կարոտում։

— Ամենաշատը՝ ընտանիքիս ու բնությունը։ Կարոտել եմ կանաչը, սարերը, մեր բնաշխարհը։ Արեւից, անձրեւից պարզապես տեղյակ չենք, միշտ շենքային պայմաններում ենք։ Դրան զուգահեռ, բնականաբար, ընտանիքին՝ երեխաներին, կին, մայր, հայր, բայց մեր կոլեկտիվով դարձել ենք այնպես, որ փորձում ենք մեկս մյուսի ցավերով ապրել։ Եթե մեկն ընկճվում է, հույս ենք տալիս, փարատում ենք ու այդպես իրար օգնելով՝ փորձում գոնե ինչ-որ չափով թեթեւացնել այդ ապրումները։

— Քանի՞ երեխա ունեք, ի՞նչ տարիքի են, չե՞ն ապստամբում, որ հայրիկը տանը չէ։

— Սրտաճմլիկ բաներ եք ուզում՝ պատմեմ։ Ապստամբում են։ Օրինակ՝ փոքր տղաս, որն առավել շատ է եղել հայրիկի ուշադրության կենտրոնում։ Ունեմ 3 որդի՝ 10, 9 եւ 3․5 տարեկան, բայց սրտաճմլիկ բաներ չեմ ցանկանում ասել։ Ես սպայական հոգեբանությամբ եմ միշտ առաջնորդվել, որ դրված խնդիրը պետք է տանես պատվով ու առանց տրտունջ։

— Իսկ շփումն իրենց հետ ինչպե՞ս է կազմակերպվում, տեսակապո՞վ։

— Տեսակապով փորձում ենք կապվել, բայց ես խուսափում եմ այդպես, որովհետեւ ամեն անգամ տեսակապով ընտանիքի հետ շփվելուց հետո մեկ ժամ պետք է, որ հարմարվես աշխատանքին, հույզերդ չեզոքացնես։

— Արդեն մեկ ամսից ավելի գերլարված աշխատում եք, ինչպե՞ս եք ուժերը վերականգնում։

— Ուժերը վերականգնում ենք հոգեթերապիայով, ներքուստ։ Մեր պարագայում ձեւավորվեց մի թիմ՝ բռունցքի պես, միասնական։ Ամեն մեկս մյուսիս ստիպելով ուղարկում ենք հանգստի, երբեմն մեկը հանուն մյուսի չի գնում հանգստանալու, որ հերթապահի ծանրությունը կիսվի։ Հանգստանում ենք՝ քիչ աշխատանք տանելով, մեկս մյուսիս օգնելով։ Մեզ տրամադրված կացարանում փորձում ենք գոնե անկողնային հանգիստն ապահովել։ Մեր հանգիստն ապահովում ենք ծիծաղով, հումորներով՝ մեր իրավիճակին ավելի հումորային երանգ տալով։ Իմիջիայլոց, օգնում է, կարող եմ Ձեզ էլ խորհուրդ տալ։

— Իրականում մենք էլ ենք նույն կերպ վարվում (ծիծաղում է)։ Մի շարք բժիշկներ այս շրջանն ամերիկյան ֆիլմի հետ են համեմատում։

— Այո, այն ֆիլմային սցենարին շատ նման է, որտեղ կան հույզեր, կոտրված ճակատագրեր։ Մեր պացիենտների հետ շփվելով, օրական քանի՜ մարդու ցավը լսելով՝ համբերատար ամեն ինչին մասնակցում ես։ Ես ճիշտն ասած ռեալիստ եմ․ կա խնդիր, արհավիրք, որը միայն մերը, բժիշկներինը, նախարարինը չի, ամբողջ ազգի խնդիրն է, ու այն պետք է լուծվի, ուրիշ տարբերակ չկա։ Այդ հոգեբանությամբ եթե շարժվես, ամեն ինչին ռեալ նայես, կկարողանաս ճիշտ որոշումներով, քայլ առ քայլ գնալ դեպի տրամաբանական ավարտ։

— Հիվանդների մեջ շա՞տ են խուճապի մատնվողները։

— Ես մեր հասարակությունը հումորային ձեւով բաժանել եմ․ մարդիկ, որ մտածում են սթափ եւ մարդիկ, որ Ֆեյսբուքը որպես Աստվածաշունչ են ընդունում, վերջիններն այն խումբն են, որ մեզ դիմում են խուճապի մեջ։ Նույնիսկ այն տպավորությունն է՝ վիրուսը փսիխոգեն ինչ-որ ազդեցություն ունի։ Միգուցե ունի, որովհետեւ վիրուսով կասկածվող հիվանդի հետ շփվելիս, բժշկական հոտառությամբ ասում էինք, որ նրա մոտ կհաստատվի ու իրոք հաստատվում էր։ Այդ խուճապը կար, շատ պացիենտների մոտ այն վերածվում էր նույնիսկ ագրեսիայի։ Դա բնականաբար կուլ էինք տալիս, մարում էինք այդ խուճապը եւ պատկերացրեք՝ ստացվեց։ Հոգեբաների լուրջ թիմ կար, մենք էլ տիրապետում ենք հոգեբանական մոտեցմանը։ Այն հիվանդը, որն ավելի շուտ էր հավատում բժիշկներին, շուտ էր ապաքինվում։

— Փաստորեն, մարդկանց խուճապն այսօր այնքան չէ, որքան առաջ։

— Այո, հանրային խուճապը չկա, իսկ անհատ հաստատված հիվանդների մոտ դեռ կա, դա բնական է, որովհետեւ սարսափելի նորություններ են նայում։

— COVID-19-ի դեմ պայքարելն ավելի բա՞րդ է՝ մյուս հիվանդությունների համեմատ։

— Ի սկզբանե, երբ առաջին դեպքերն ունեցանք, մութ անտառ էր։ Մենք մտածելու ժամանակ պարզապես չենք ունեցել։ Պետք է շարժվեինք առավել զարգացած երկրների փորձով։ Ելնելով ամեն հիվանդի բուժման ընթացքից՝ մեր փորձը կիրառում էինք մյուս հիվանդի վրա։ Դժվար էր, որովհետեւ անծանոթ ընթացքով, ախտածագմամբ, օրգանիզմում ընթացող փոփոխություններով հիվանդություն է։ Գովաբանել չլինի, բայց փառք Աստծո, ընդհանուր առմամբ, այս ամենը համարենք ստացված։

— Որպես վերջաբան՝ ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց, տա՞նը մնալ։

— Տանը չմնալու հարցում բժիշկներով որոշ չափով վիրավորվեցինք հասարակությունից, երբ մի օր պատահաբար փողոց դուրս եկանք ու տեսանք՝ ինչ շարժ կա։ Խնդրեցինք, ֆլեշմոբ կազմակերպեցինք, այն արդյունքը չտվեց, ինչ սպասում էինք։ Երբ տեսան, որ բուժվածներ կան, բժիշկները կարողանում են բուժել, մի քիչ զգոնությունը կորցրին։ Քանի որ տանը չմնացին, վարակի վերահսկողությունը ինչ-որ առումով տուժեց, բայց շնորհիվ մեր համաճարակաբանների եւ առողջապահական համակարգի ներկայացուցիչների՝ բաց թողած դեպքեր չունեցանք, հատուկենտ, այն էլ անհատական մոտեցման արդյունքում։ Շատ փիլիսոփայեցի հարցն ինչպե՞ս էր։ (Կրկնում եմ-Ա․Ա․)։ Խորհուրդս այն կլինի, որ ոչ մի պարագայում չընկճվեն, դատեն սառը, սա բնականոն գործընթաց է, կենդանական աշխարհում ընթացող գործընթացների նման։ Պարզապես պետք է լինեն սթափ, ուշադիր ու հավատան իրենց բժիշկներին, ավելորդ մեղադրանքներ, խուճապային իրադրություններ չստեղծեն։ Ամեն մեկն իր լուման պետք է ներդնի համաճարակի կանխարգելման մեջ։ Մենք անկոտրում ենք։

Նյութի աղբյուր՝ Հայական Ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ