«Բարձր առաջադիմություն ունեցող որևէ ուսանող վարձավճարի պատճառով բուհից դուրս չի մնալու». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների շուրջ քննարկումները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը: Այսօր կայացած խորհրդակցությանը ներկայացվել են նոր առաջարկներ։

Քննարկվել են կրթության ոլորտին, մասնավորապես, ուսանողներին և բուհերին աջակցելուն միտված քայլերը։ Արծարծվել են ուսանողի բարձր առաջադիմությամբ պայմանավորված՝ կիսամյակային վարձավճարների փոխհատուցման, ինչպես նաև ուսանողական վարկերի սուբսիդավորման մեխանիզմներին վերաբերող հարցեր:

Ընդգծելով այս աջակցության կարևորությունը՝ վարչապետը նշել է, որ բարձր առաջադիմություն ունեցող որևէ ուսանող վարձավճարի պատճառով բուհից դուրս չի մնալու, և կառավարությունը հնարավորինս օժանդակելու է ուսանողներին: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկման արդյունքներով լրամշակել առաջարկը և ներկայացնել վերջնական տարբերակ։ Հաջորդիվ ամփոփվել են կառավարության հաստատած 13 միջոցառումների ընթացիկ արդյունքները, անդրադարձ է եղել ծրագրերի կատարման շրջանակում առաջացող հարցերին և տրվող լուծումներին։

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին շարունակել անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը՝ խնդիրներին արագ լուծում տալու, միջոցառումների սահուն ընթացքն ապահովելու և նախատեսված օժանդակությունը շահառուներին լիարժեք տրամադրելու համար։

Խորհրդակցությանը մտքեր են փոխանակվել նաև սոցիալական օժանդակության կարիք ունեցողների շրջանակի ընդլայնման հարցի շուրջ: Վարչապետը կարևորել է սոցիալական խոցելի խմբերի լիարժեք բացահայտման ուղղությամբ շարունակական աշխատանքը և համապատասխան հանձնարարականներ տվել: Քննարկվել են տնտեսվարողների գործունեության խրախուսմանը վերաբերող մի շարք գաղափարներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ