Պետք է սովորել աշխատել, նոր՝ սպառել. անընդհատ վարկ փակելն ապրելու նորմ չպետք է լինի

Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանի հետ համահեղինակությամբ վարկային ոլորտի վերաբերյալ օրենսդրական փաթեթ է նախաձեռնել: Կարապետյանը հստակեցրեց՝  օրենքը հնարավորություն կտա կանոնակարգել վարկային ամբողջ գործընթացը:

«Վարկ տրամադրելիս վարկային կազմակերպություններն ու բանկերը պետք է նախ վերլուծեն վարկառուի եկամուտները և վարկը տան այն հաշվարկով, որ բոլոր ունեցած վարկերի գծով մարման գումարը չանցնի վարկառուի եկամուտների 50 %֊ը։ Մյուս փոփոխությամբ՝ այսուհետև վարկառուն իր ձեռքով կգրի, թե ինչքան գումար պետք է վճարի վարկի արդյունքում և որքան է իրական տոկոսադրույքը։ Սրա նպատակն այն է, որ վարկային կազմակերպությունները չմոլորեցնեն և չգրավեն մարդկանց այսպես կոչված զրո տոկոսով վարկերով»,- նշեց Կարապետյանը։

«Իմ քայլ» խմբակցության պատգամավորն այն համոզմանն է, որ պետք է կարողանանք խնայել սովորել: Ըստ նրա՝ անդադար վարկ փակելը մեզ համար ապրելու նորմ չպետք է լինի: «Պետք է սովորել աշխատել, ապա նոր սպառել»,- հավելեց պատգամավորը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ