Այսօր COVID-19 ախտորոշմամբ, 14-օրյա ստացիոնար բուժօգնություն ստանալուց հետո, Կենտրոնից առողջացած դուրս են գրվել 83-ամյա և 75-ամյա երկու պացիենտներ: 75-ամյա տղամարդու հետ նույն ախտորշմամբ բուժօգնություն է ստացել նաև նրա 65-ամյա կինը:
Հիվանդությունը հաղթահարած մեր պացիենտներին, ովքեր այս ողջ օրերի ընթացքում շրջապատված են եղել մեր բուժանձնակազմի հոգատարությամբ ու ջերմությամբ, մաղթում ենք ամուր առողջություն և երկար տարիների երջանիկ կյանք:
Արտաշատի բժշկական կենտրոնում COVID-19 վարակով հիվանդների գործիքային հետազոտման սխեմայում կրծքավանդակի ռենտգեն քննությունից բացի ներառված է նաև ուլտրաձայնային հետազոտումը, մասնավորապես՝ թոքերի:
Հարկ է նշել, որ վիրուսային թոքաբորբի գործիքային ախտորոշման հարցում թոքերի ուլտրաձայնային հետազոտությունը /ՈՒՁՀ/ օժտված է ավելի բարձր զգայունությամբ և սպեցիֆիկությամբ, քան ռենտգեն հետազոտումը:
Մեր Կենտրոնում թեպետ դեռևս սակավաթիվ են վերոնշյալ հետազոտության տվյալները, սակայն ակնհայտորեն ունեն ինֆորմատիվ բարձր արդյունավետություն՝ թոքային հյուսվածքների և դրա թաղանթների ախտահարման վաղ ախտորոշման, հետևաբար նաև՝ վաղ բուժման ու ապաքինման գործում:
Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսը մեծամասամբ ախտահարում է թոքային հյուսվածքը և շնչուղիները: