Այս պահին մեր դատական համակարգը մի մեղադրյալի նկատմամբ որոշումներ է կայացնում, եւ պետք չէ, որ որեւէ մեկը մասնակցի այդ գործընթացներին դատական համակարգից դուրս։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում եկեղեցի-իշխանություն փոխհրաձգությանը։
«Փոխհրաձգությունը երեւի ճիշտ տերմին չէ։ Մենք հեղափոխությունից հետո փորձում ենք Հայաստանում ստեղծել այնպիսի դատական համակարգ, որը կլինի արդար, իսկ մեր եկեղեցին մեր ամբողջ ազգի համար է շատ կարեւոր՝ բարձր արժեք։
Հայ առաքելական եկեղեցին մեր պատմական անցյալի կարեւոր մասն է։ Մենք ունենք նաեւ հայ կաթողիկե եկեղեցիներ, ունենք նաեւ բողոքական եկեղեցիներ եւ ունենք մարդիկ, որոնք իրենց համարում են աթեիստ։ Բոլոր հայերի իրավունքները հավասար են պետության համար։ Կարծում եմ՝ պետք է թողնենք, որ այս դատական համակարգը, որը հեռախոսազանգերով ոչինչ չի որոշում, ճիշտ որոշումներ կայացնի»,- ասաց Սինանյանը։