Տանը մնալը, երթեւեկության եւ որոշակի տնտեսական գործունեության սահմանափակումներն ու արգելքները օգնում են ոչ միայն COVID-19-ի դեմ պայքարում, այլեւ դրական ազդեցություն ունեն շրջակա միջավայրի համար։ Վերջին շաբաթներին Երեւանում աղտոտող նյութերի, մասնավորապես՝ փոշու կոնցենտրացիայի անկում է գրանցվել։
Մարտին, նախորդ ամսվա համեմատ, փոշու դիտարկումների ընդհանուր քանակի 41%-ում դիտվել է կոնցենտրացիաների նվազում: Մարտի 22-31-ն ընկած ժամանակահատվածում ամսվա սկզբի համեմատ փոշու կոնցենտրացիան նվազել է մոտ 42%-ով, փետրվար ամսվա համեմատ՝ 31%-ով:
Սրանք Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոնի կողմից կատարված դիտարկումների արդյունքներն են, որոնք վկայում են, որ օդի աղտոտվածության նվազումը պայմանավորված է կորոնավիրուսի դեմ պայքարի համար կիրառված միջոցառումներով։
Մեզ հետ զրույցում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության լրատվական բաժնից տեղեկացրին, որ որեւէ այլ վերլուծություն չկա, թե այլ բաղադրիչով ինչպե՞ս է ազդել համաճարակի բռնկումը Հայաստանում։
Բնապահպան Ինգա Զարաֆյանի խոսքով՝ ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում, քանի որ տրանսպորտի ծանրաբեռնվածությունը զգալիորեն նվազել է, որոշ ժամանակ բեռնատար մեքենաները չեն աշխատել, արտանետումների ու փոշու քանակը քչացել է, օդն էլ մաքրվել է։
Բնապահպանի կարծիքով, հատկապես՝ Երեւանում եւ այլ քաղաքներում այս հարցում մեծ դեր են ունեցել շինարարական աշխատանքների դադարեցումը, հանքերը, որոնք կա՛մ չեն աշխատել, կա՛մ էլ քիչ են աշխատել։
Ինչ վերաբերում է այլ երկրներին, ըստ նրա, բնականաբար, աղտոտվածությունը կքչանա այն վայրերում, որտեղ աշխատանքները դադարեցված են եղել։ Օրինակ՝ Չինաստանում ընդհանրապես արտանետումների քանակը շատ էր։
Զառաֆյանն ընդգծեց, որ մեզ մոտ էկոլոգիական վնասները հիմնականում կրում են ջրային ռեսուրսները՝ գետերը, բայց այս դեպքում դեռեւս չի կարող ասել` արդյո՞ք ինչ-որ բան փոխվել է։
Բնապահպան Սիլվա Ադամյանի կարծիքով էլ՝ Երեւանում կարելի է զգալ օդի մաքրության, մթնոլորտի հետ կապված փոփոխություններ։ Քաղաքում ավտոմեքենաների քանակության կտրուկ անկումը կբերի օդի, մթնոլորտի բարելավման։
Երեւանում նկատվում է նաեւ տարիներ շարունակ բացակայած թռչունների վերադարձ․ խոսքը մասնավորապես հայկական որորների մասին է, որոնք, ըստ բնապահպանի, վերջին 5-6 տարին շատ քիչ են եղել մայրաքաղաքում։ «3-4 օր առաջ էր հենց մեր տան կողքն այդ թռչունների 4-5 առաձնյակ նկատվեցին»,- պատմեց Ադամյանը։
Բացի որորներից, շատացել են նաեւ գիշատիչ թռչունները, հիմնականում՝ բազեները։ Բնապահպաններն այս մասին տարբեր տեղերից տեղեկատվություն են ստացել։
Սիլվա Ադամյանի խոսքով՝ մարդու գործունեության սահմանափակումը բերում է որոշակի փոփոխություններ։ Դրանք կապված են նաեւ արտանետումների նվազման հետ։
Հայաստանում, ըստ նրա, դեռեւս այսքանն է նկատվել, իսկ այն երկրներում, որտեղ արդյունաբերությունը շատ է զարգացած, օրինակ՝ Չինաստանում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգերում, դրական փոփոխությունն առավել շատ է․ շատ վայրերում, Եվրոպական երկրներում կա շրջակա միջավայրի առողջացում։ Միջերկրական ծովի տարբեր նավահանգիստներում մարդիկ նկատում են, որ կենսաբազմազանությունը սկսել է ակտիվանալ։