Նոր ծրագրի շրջանակում կվերանորոգվի 12 ճանապարհահատված

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հիշեցրեց, որ վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2019-ի հոկտեմբերի 10-ին։

Համաձայնագրով բանկը ՀՀ-ին տրամադրում է 13 միլիոն 400 հազար եվրո գումար կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ, լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի իրականացման համար։

«Պետք  է նշել, որ ծրագիրը այժմ գործող կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի և կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շարունակությունն է։ Վարկային համաձայնագրում նշված՝ վերանորոգման ենթակա 450 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի մի հատվածն է, երրորդ ծրագիրն է սա։ Նոր ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել թվով 12 ճանապարհահատվածների վերանորոգում, որոնք կընդգրկեն Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերը։ Արդեն իսկ մի շարք մրցույթներ հայտարարված են Գեղարքունիքի, Արմավիրի և Սյունիքի մարզերում՝ ընդհանուր 23․1 կմ երկարությամբ»,- նշեց Պապիկյանը՝ հավելելով, որ այս ծրագրի շրջանակներում կիրականացվի ևս 41․9 կմ երկարությամբ ճանապարհի վերանորոգում։

Նախարարը նշեց, որ շուտով կավարտվեն 4 ճանապարհահատվածների՝ Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի՝ 3․2 կմ երկարությամբ, Սյունիքի մարզի Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի՝ 5․4 կմ երկարությամբ, և Գեղարքունիքի մարզի Մ11- Աղբրաձոր հատվածի երկու ճանապարհահատվածների՝ 7․8 և 6․7 կմ երկարությամբ, վերանորոգման աշխատանքները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ