Ապրիլի 17-ի ժամը 11:00-ի տվյալներով Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 42 նոր դեպք, ընդհանուր՝ 1201։
Առողջացածները 44-ն են, ընդհանուր՝ 402, փաստացի բուժվողները 780-ն են:
Երեկ 1161 թեստ է արվել, ընդհանուր՝ 10793:
Մահացել է 1 մարդ, ընդհանուր՝ 19:
Վերջին մահվան դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում՝ III աստիճանի, ճարպակալում՝ II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով:
Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչառական անբավարարություն՝ III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն:
Երեկ նաև արձանագրվել է առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Երեխայի և մոր վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ծննդաբերությունից հետո ծննդկանի մոտ թեստավորման արդյունքը բացասական է եղել, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռևս 14 օր կգտնվեն բժիշկների հսկողության տակ:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 780 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 10793 թեստավորում: