Երբ Սերժ Սարգսյանն ասում էր՝ ճիշտ էր նիստին մասնակցելը, նա ճիշտ էր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16–ին, Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Մնացած բոլորը, ովքեր ցանկություն չունեին, որ Սերժ Սարգսյանն ու բոլոր պատասխանատուներն օր առաջ հայտնվեն հանձնաժողովում, պատասխանեն մեր հարցերին, երևի վաղվանից արդեն պետք է գիտակցեն, որ հանձնաժողովը, այնուամենայնիվ, իր կատարած աշխատանքների ընթացքում արդեն կասկած չի թողնում, որ ինքը ոչ միայն աշխատել է, այլ նաև պայմաններ է ստեղծում, որ հնարավորինս հավաքի տեղեկատվությունը բոլոր պաշտոնյաներից։
Սերժ Սարգսյանի հետ քննարկման մեջ ասացինք, որ Յուրի Խաչատուրովի չգալը սխալ է, ինքն էլ ընդունեց և ասաց, որ ինքն այստեղ գալուց առաջ խոսել է Խաչատուրովի հետ և նրան հորդորել է, որ ճիշտ կլիներ, որ գար։ Ճիշտ կլինի, որ Սերժ Սարգսյանի գալուց հետո Խաչատուրովը գա և պատասխանի իրեն վերաբերող հարցերին, որպեսզի ամբողջական դառնա։ Համար մեկ զինվորականն այն ժամանակ եղել է Գլխավոր շտաբի պետը»,– ասաց Քոչարյանը։