ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում էր: 5 ժամ տևած քննարկումներից հետո լրագրողները Սարգսյանին մի շարք հարցեր ուղղեցին, ի պատասխան՝ նա խոստացավ արտակարգ դրության ավարտից հետո հանդիպում կազմակերպել և պատասխանել ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ ցանկացած հետաքրքրող հարցի: Սարգսյանը նաև նշեց՝ հանդիպման ավարտին համոզվեց, որ նիստին ներկայանալու որոշումն ամբողջությամբ արդարացված էր:
Հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը տարածել էր հայտարարություն, որում ասված էր, որ նախագահ Սարգսյանը համաձայնել է մասնակցել այդ լսումներին, քանի որ իր պարտքն է համարում փակել ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված բոլոր տեսակի շահարկումների թեման:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին տեղեկացրեց՝ հանձնաժողովն աշխատանքը կավարտի հունիսի 4-ին, և արդեն իսկ ունեն 105 ժամ տեսագրություն: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ հարցեր են ուղղվել Սերժ Սարգսյանին, ի՞նչ տեղեկություններ է նա հաղորդել հանձնաժողովին: Քոչարյանը նախ նշեց՝ կան բաներ, որոնք Սարգսյանը կարող է չհիշել, սակայն նիստի ժամանակ նա որոշ լրացումներ է արել անգամ իրենց ունեցած տեղեկություններին:
«Մենք Սարգսյանից կարողացել ենք ճշտել՝ հակառակորդը իր առաջ դրած խնդիրը կարողացե՞լ է լուծել, մենք դրա մասին նախապես տվյալներ ունեցե՞լ ենք: Բոլորը պետք է լինեն անկեղծ, այնպես չէ, որ բոլորը եկել են ու անկեղծ ասել ամեն ինչ, բայց հարցաշարի իմաստն այն է, որ բացահայտվում են նաև իրողություններ: Պարոն Սարգսյանը ասել է՝ կլինի մաքսիմալ անկեղծ, անկեղծության աստիճանն ո՞վ է որոշելու. դա որոշվելու է մեր ունեցած փաստերի ու նրա հայտնած տեղեկությունների համադրման արդյունքում: Սերժ Սարգսյանը 10 տարի եղել է հանրապետության նախագահի պաշտոնում, դրանից առաջ՝ ուժային կառույցի ղեկավար, իսկ թե որքանով էր անկեղծ՝ կերևա»,- ասաց նա:
Քոչարյանը նշեց, որ նոր բացահայտումների առումով այս հանդիպումն ինչ-որ չափով օգնեց: Նա տեղեկացրեց՝ Սերժ Սարգսյանը բավական պատրաստված էր, մինչև աշխատանքի սկսելը ներածական խոսքով հանդես եկավ, որը կկցվի եզրակացությանը:
Հանձնաժողովի նախագահն ասաց, որ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը ևս ցանկություն է հայտնել մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, բացի նրանից, Արցախում էլի պաշտոնյաներ կան, որ ցանկանում են մասնակցել: Քոչարյանից հետաքրքրվեցին՝ նիստի տեսաձայնագրությունը փոխանցե՞լ են Սերժ Սարգսյանին: Նա պատասխանեց, որ Սերժ Սարգսյանն ասել է՝ համոզված է՝ երկու կողմից իրենց տված խոսքը պահելու են, անձամբ ինքը՝ Սարգսյանը, մինչև 2050 թ. այս տեղեկատվությունը չի հանրայնացնի, որովհետև չի կարելի: Քոչարյանը տեղեկացրեց, որ նիստի տեսաձայնագրությունը Սարգսյանին դեռ չեն տվել, քանի որ պատրաստ չէր: