Մանվել Գրիգոյանի դեմ բողոքի ակցիան նոր թափ է ստանում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Էջմիածնում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են բողոքի ակցիաներն ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման: Բողոքի գործողությունները սկսվել են դեկտեմբերի 21-ի գիշերվանից, երբ հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվելու 25 միլիոն դրամ գրավի դիմաց:

Բողոքի ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը հայտնել է, որ վաղը՝ երկուշաբթի առավոտյան իրենք լինելու են Երեւանում՝ բողոքը շարունակելու Արդարադատության նախարարության մոտ:

Մասնակիցները փոխանցել են նաեւ, որ իրենց դժգոհությունն ու բողոքը Նիկոլ Փաշինյանի կառավարության կամ իշխանությունների աշխատանքի հետ որեւէ կապ չունի, իրենք գիտեն, որ իրենց բողոքի ձայնը տեղ հասել է, սակայն չեն հասկանում արդարադատության համակարգի պատասխանատուների լռությունը:

Ջիվան Աբրահամյանը նաեւ հայտնել է, որ իրենք չեն կարող Ամանորին ընդառաջ նման նվեր ընդունել, մանավանդ, որ չկան հստակ հիմնավորումներ, թե ինչ հիմքով ազատ արձակվեց Մանվել Գրիգորյանը: Բողոքի ակցիաների մասնակիցները սպասում են լայն աջակցության Երեւանում՝ նախարարության շենքի մոտ, քանի որ, ըստ իրենց, խնդիրն Հայաստանի ամբողջ բնակչությանն է հետաքրքրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ