«Ուզում եմ մեր հանրությունը տեղյակ լինի այն դեպքին, որ տեղի է ունեցել օրեր առաջ Արարատի մարզի Նորաշեն գյուղում: Մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել և դիմումի հիման վրա մեկուսացման մեջ գտնվող անձն ուղեկցվել է թաղման արարողության, իհարկե նախապես զգուշացնելով, որ պետք է հեռավորություն պահել:
Ոստիկանի և մասնագետի ուղեկցությամբ է եղել, բայց հասկանալի է, որ իրավիճակը հուզումնալից է և նրանք ի հեճուկս խնդրանքների, հորդորների, չեն պահել պայմանները և գրկախառնվել են և երկու օր հետո մեկուսացման մեջ գտնվող անձի մոտ թեստը դրական արդյունք է գրանցել։ Եվ սրա արդյունքում պարետատունը որոշում է կայացրել Նորաշեն համայնքն ուղղակի ամբողջությամբ մեկուսացնել:
Պարզ է, որ ոստիկանությունը չի կարող ամեն ինչ հսկողության տակ պահել և քաղաքացիները պետք է հասկանան, որ ամեն ինչ լուրջ է: Այսօր ազգակցական հարաբերություններ կան, որ համաճարակային մեր անհատական պահվածքի պատճառով փլուզվում են»,-կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: