Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակազմի 9 անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Շիրակի մարզի Մարալիկի առողջության կենտրոնի 9 բուժաշխատողի մոտ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է արձանագրվել: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«Աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուսը երեկ էր հաստատվել, դրանով պայմանավորված էլ ճշտվել էր նրա հետ անմիջական կոնտակտավորների շրջանակն ու ՀՎԿԱԿ-ի կողմից ևս 8 բուժաշխատողից նմուշառում էր իրականացվել:

Այս պահին արդեն պատասխանները ստացանք: Դրական են թեստերի արդյունքները»,-ասաց մարզպետը: Այս պահին իրականացվում է վարակվածների մեկուսացում, ինչպես նաև ճշտվում են նրանց կոնտակտային շրջանակները:Վաղն արդեն, ըստ մարզպետի, Առողջության կենտրոնի ամբողջ անձնակազմի թեստավորման խնդիր է առաջանալու: Նաև հարցականի տակ է դրվում Առողջության կենտրոնի հետագա գործունեությունը:

Շիրակի մարզպետն ասաց վարակի աղբյուրն այս պահին պարզված չէ: ՀՎԿԱԿ-ն ունի մի քանի տարբերակներ, բայց դեռ պաշտոնական պատասխան չի ստացվել:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետևանքով մահացած մարալիկցի որսորդը մինչև Գյումրի, այնուհետ Երևան հասնելը 15 օր տնային բուժումներ էր ստացել: Մարտի 29-ին դիմել էր «Գյումրի» ԲԿ, որպես հիվանդ ընդունվել մարտի 30-ին, իսկ արդեն ապրիլի 1-ին տեղափոխվել Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որտեղ էլ տղամարդու մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ