Ջուլֆալակյանն առաջարկեց ապրիլի 24-ին մեկ րոպե շարունակ հնչեցնել հայկական բոլոր եկեղեցիների զանգերը

«Մի քանի օրից Ապրիլի 24-ն է, Հայոց մեծ եղեռնի ու նահատակների հիշատակի օրը: Եվ ելնելով ստեղծված արտակարգ դրությունից, այդ օրը հնարավոր չի լինելու մասսայական մեծ միջոցառում կազմակերպել՝ հիշատակելու եւ դատապարտելու այդ հակամարդկային երեւույթը:

Որպեսզի չսահմանափակվենք պետական այրերի մասնակցությամբ միջոցառումներով, առաջարկում եմ ապրիլի 24-ին Հայաստանի եւ ամբողջ աշխարհի հայկական եկեղեցիները նախապես պայմանավորված նույն ժամին (հաշվի առնելով նաեւ ժամային տարբերությունը) միաժամանակ հնչեցնել եկեղեցու զանգերը»,- ԱԺ հարցուպատասխանի ընթացքում այսպիսի առաջարկ արեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը

Նա առաջարկեց նաեւ, որ բոլոր մարդիկ միաժամանակ դուրս գան իրենց պատշգամբ կամ բակ, մեկ րոպե լռությամբ հարգելով՝ անմեղ զոհերի հիշատակը:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ Կառավարությունը քննարկում է ապրիլի 24-ը հիշատակելու մի շարք տարբերակներ: «Արտառոց իրավիճակ ունենք Ձեր առաջարկն անպայման կքննարկվի, հիմա աշխատանքային խումբ կա, որը զբաղվում է այդ հարցերով: Հետեւաբար կա՛մ ձեզ կհրավիրենք, կա՛մ տեսակապով ձեր առաջարկն ավելի կմանրամասնեք»,-եզրափակեց Արայիկ Հարությունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ