8-րդ միջոցառման շահառու կդառնան նաեւ մասնավոր մանկապարտեզների ու տրանսպորտի ոլորտի աշխատողները

Այսօր կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետ Փաշինյանին զեկուցվել է հաստատված 12 միջոցառումների ընթացիկ արդյունքների մասին։ Նշվել է, որ բոլոր ծրագրերի մասով արձանագրվում է դրական դինամիկա, հայտերի հավաքագրման գործընթացը շարունակվում է, հաստատված դիմումների հիման վրա տրամադրվում է նախատեսված տնտեսական և սոցիալական օժանդակությունը: Իրականացվում է նաև շահառուների տվյալների բազաների թվայնացում։ Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին շարունակել ուշադրության կենտրոնում պահել միջոցառումների կատարումը՝ կարևորելով նաև թվայնացման աշխատանքների պատշաճ իրականացումը, քանի որ թվային օրակարգը կառավարության առաջնահերթություններից է։

Խորհրդակցությանը ներկայացվել են սոցիալական և տնտեսական աջակցության նոր գաղափարներ։ Մասնավորապես, քննարկվել է 8-րդ միջոցառման շահառուների ցանկում ևս մի քանի ոլորտների աշխատակիցներին ներառելու առաջարկը, արծարծվել է ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված շահառու ընտանիքներին ևս որոշակի չափով աջակցություն տրամադրելու հարցը:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին լրամշակել առաջարկները և ներկայացնել հաստատման։

Տնտեսական օժանդակության նոր միջոցառումների համատեքստում քննարկվել է տնտեսվարողներին խրախուսելու նոր գործիքների կիրառման հարցը։ Անդրադարձ է եղել հարկային վարչարարության գործիքակազմի բարելավմանը, թեմայի առնչությամբ ներկայացվել են մի շարք դիտարկումներ և առաջարկներ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցը պետք է դիտարկել ինստիտուցիոնալ կարգավորումների փոփոխման և երկարաժամկետ կիրառման տեսանկյունից՝ հաշվի առնելով հարկային կարգապահության պահպանման կարևորությունը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներին՝ համատեղ քննարկել և ներկայացնել փոխհամաձայնեցված տարբերակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ