«Կյանքը նույնը չի լինելու, պետք է ապրենք կորոնավիրուսին զուգահեռ». վարչապետ Փաշինյան

Պետք է սովորենք ապրել կորոնավիրուսին զուգահեռ. հույս ունենք, որ ամռանը վիրուսը կնահանջի, սակայն աշնանը հնարավոր է երկրորդ ալիք, որին պետք է արդեն պատրաստված լինենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հարցին՝ արդյոք Կառավարությունն ունի՞ ռազմավարություն՝ կապված տեքստիլ արտադրությունների վերաբացման հետ եւ արդյոք կա՞ վտանգ արտադրամասերում կրկին կորոնավիրուսի դեպքերի գրանցման։

Մարուքյանն իր հարցում, մասնավորապես, նշել էր.

«Այստեղ ներկայացրեք Կառավարության քաղաքականությունը ապրիլի 20-ից հետո որոշակի ոլորտներ եւս վերաբացելու հետ կապված։ Միասին քննարկենք սցենար. պատկերացնենք՝ Վանաձորում հստակ նշված է, որ տեքստիլը կարող է բացվել ապրիլի 20-ից սկսված։ Վանաձորում մի քանի հազար աշխատող մարդ կա, Վանաձորում էլ շատ հիմնարկներ չկան։ Պատկերացնենք՝ բացվում է ու մեկ էլ մի քանի օր հետո հիմնարկներից մեկում էի մեկ հոգի վարակված է հայտնաբերվում։ Այդ 3 հազար մարդուն տուն ենք ուղարկե՞լու, թե՞ այլ քաղաքականություն ենք սկսելու վարել, որով՝ ով վարակված կլինի, նրան տանենք-բուժենք, ով առողջ կլինի՝ շարունակի աշխատելը, քանի որ այս խնդիրը կարող ենք մնչեւ աշուն ունենանք»։

Վարչապետն ասաց, որ այսօրվա դրությամբ կան արտադրական ձեռնարկություններ, որոնք իրենց կարգավորումների բերումով այս ընթացքում աշխատել են. «Նրանց աշխատակիցների շրջանում գրանցվել է կորոնավիրուսի դեպք, բայց այդ դեպքը մուտք չի գործել արտադրական տարածքներ։ Ունենք նաեւ հակառակը, այսօր, ցավոք սրտի, ունենք բավականին մեծ թիվ՝ կորոնավիրուսով վարակվածների,  դա հիմնականում 3 ճյուղի պատճառով է, որոնցից 2-ը արտադրական ձեռնարկություններ են»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ