Խորհրդարանի այսօրվա նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախազգուշացում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:
Երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը վարման կարգով ցանկանում էր ելույթ ունենալ «Լուսավոր Հայաստանի» չընդունված նախագծի վերաբերյալ, Էդմոն Մարուքյանը սկսեց միջամտել: Պատգամավորի բարձրախոսը միացված չէր, և լսելի չէր, թե Մարուքյանն ինչ է ասում:
Արարատ Միրզոյանը հորդորեց՝ որքան էլ նյարդերը լարված լինեն, պետք է միմյանց հանդեպ հարգալից լինել: «Ի՞նչ է նշանակում՝ դու ո՞վ ես»,- հանդիմանեց Միրզոյանը և հորդորեց միմյանց հետ խոսել հարգալից:
Էդմոն Մարուքյանը փորձեց պարզաբանել խոսքերը, որից հետո էլ ԱԺ նախագահը հայտարարեց նախազգուշացում:
«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի հոդված 52-ի համապատասխան կետի համաձայն՝ Էդմոն Մարուքյանին հայտարարվում է նախազգուշացում՝ պատգամավորների հետ անհարգալից խոսելու համար»,- ասաց Միրզոյանը:
Մարուքյանն էլ, ի պատասխան նախազգուշացման, ասաց. «Երեկ, երբ ամբիոնից նույն պատգամավորը ասում էր՝ մանիպուլյատոր, ինչո՞ւ նկատողություն չէիք հայտարարում: Նախազգուշացում չէիք հայտարարում, որովհետև ձեր խմբակցությունի՞ց էր»։