ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ ունեցած հակասություններին: Ռևազյանը շեշտել է՝ որևէ ինտրիգի մեջ երբեք չի մտել, այդպես էլ շարունակելու է, միշտ կենտրոնացել է աշխատանքի վրա: Նա նշել է՝ Ճաղարյանի հետ գործնական տարաձայնություններ եղել են, ապա բերել է մի քանի օրինակ:
Ճաղարյանը դժգոհել էր, որ իր մասնագիտական խորհուրդները չեն լսում և չեն կատարում: Ռևազյանն ասել է՝ դա կապված էր նրա հետ, որ հանձնարարական էր եկել՝ պետք է ՀՀ համար համատեղ հայեցակարգ մշակեն:
«Պարոն Ճաղարյանի կողմից արդեն իսկ մշակված հայեցակարգը իր համար վերջնական տարբերակն էր, նա ամեն ինչ մերժում էր, ասում էր՝ կա՛մ իմ ձևաչափով ենք աշխատում, կա՛մ ոչ մի: Դա ինձ համար անընդունելի էր, այստեղ կարևոր են բոլորի կարծիքները և թիմային աշխատանքը»,- ասել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահը:
Երկրորդ խնդիրը, որ առաջացել է, հետևյալն է. Ճաղարյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ երեք մասնագետ է առաջարկել կոմիտեին, որ կարողանան Եվրոպայի գործակալության այցի ժամանակ ավելի լավ ներկայանալ: Ռևազյանը հայտնել է՝ վերջում որոշել են չներգրավել այդ մասնագետներին:
«Իրականում մենք անընդհատ կապի մեջ ենք եղել, շատ ուրախ էի, ասացի՝ խնդրում եմ ներկայացրեք՝ ինչ մասնագետի մասին է խոսքը, բայց վերջում որոշում ենք կայացրել չներգրավել նրանց: Մենք ունեինք երկու տարբերակ՝ մեկը մասնագետներ, որ յոթ օրով գալու էին Հայաստան, տպելու էին փաստաթղթեր, 30 հազար դոլար էինք վճարելու, իրականում ոչ մի հարց չէինք լուծելու:
Նրանք քաղավիացիայի փորձ չունեին, հիմնականում ավիաընկերությունում էին աշխատել, նրանց են օգնել: Մենք այլ տարբերակ ունեինք, որ մասնագետ ներգրավեինք մի քանի ամսով՝ մի միլիոն դրամ վճարելով, կոնկրետ անձի ներգրավել, որը քաղավիացիայում է աշխատել շատ տարիներ: Մենք հաշվի առանք մասնագետների ճիշտ փորձը և այն գումարը, որ վճարելու էինք: Որոշումը շատ պարզ է, ու թեպետ պարոն Ճաղարյանն ասաց, որ հիմնավորում չի ստացել, ուզում եմ հերքել՝ սեղանի շուրջ շատ մարդիկ են եղել»,- նշել է Ռևազյանը: