«Եկել է լրջանալու պահը». Վիգեն Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին.

Վիգեն Սարգսյանը հորդորում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ստանձնել պատասխանատվություն:

Սարգսյանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Ավարտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Անկախ Հայաստանի պատմականորեն ամենացածր մասնակցության պայմաններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը ստացավ վստահության ամենաբարձր քվեն: Ավելին, խորհրդարանը ձեւավորվեց առանց ռեալ ընդդիմադիր ուժերի մասնակցության, ինչը խորքային ռիսկեր է պարունակում երկրի ապագայի տեսանկյունից, մեծ դժվարություններ է ստեղծելու նաեւ իր` Փաշինյանի եւ իր թիմակիցների համար:

Ավարտվեց հասարակությունը սեւերի եւ սպիտակների կիսած քարոզարշավը, լռեցին քարոզիչ-մունետիկները, անցավ միահեծան հաղթանակի ցնծությունը եւ երկիրը վերադարձավ իր առօրյա կյանքին:

Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն այլեւս ունի երկու բարդ խնդիր լուծելու հրատապ անհրաժեշտություն:

Առաջինը. Փաշինյանը պետք է դառնա երկրի ղեկավար ու առաջնորդ ու դադարի լինել միայն ճառ ասող ընդդիմադիր գործիչ։ Նախորդ իշխանությունը տարիներ շարունակ քննադատելուց բացի որեւէ գործնական պարտականություն չկատարած համախոհների բանակից պետք է ձեւավորի երկրի համար պատասխանատվություն կրող գործուն թիմ: Ընդ որում, որպես թիմի ղեկավար նա անմիջականորեն եւ անձամբ պատասխանատու է լինելու այդ թիմի յուրաքանչյուր դերակատարի սխալների, բացթողումների, զանցանքների եւ հանցանքների, անզգույշ արտահայտությունների, ինքնագլուխ հանդիպումների, մարդկային որակների, իրենց ազգականների հաղթած տենդերների եւ բազմաթիվ այլ արածների եւ չարածների համար: Ընդ որում, այդ հարցում նա պարտադրված է լինելու գտնելու նուրբ հավասարակշռություն իր թիմակցին սատար կանգնելու, իսկ մյուս կողմից` ինքն իրեն այդ միջամտության գերի չդարձնելու հարցում:

Այս առումով հիշարժան օրինակ է քարոզարշավի օրերին իր թիմակից Սասուն Միքայելյանի «Արցախի հաղթանակ – հեղափոխության հաղթանակ» անհաջող համեմատությանը հանրային սուր արձագանքին հակադարձելու Փաշինյանի փորձը, որի տրամաբանական զարգացում դարձան որոշումներ, որոնք կարող են զգալիորեն ազդել երկրի պաշտպանունակության վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ