Այս գիշեր՝ ժամը 01:25-ի սահմաններում, կրակոց է հնչել դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատուհանի ուղղությամբ:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ազոյանը պատմեց, որ կրակոցի ձայնը չեն լսել, լսել են պատուհանի կոտրվելու ձայնը, երբ հայտնաբերել են, որ պատուհանը ծակ է, ահազանգել են ոստիկանություն: Ազոյանի խոսքով՝ հնչել է մեկ կրակոց, վնասվել է միայն պատուհանը, տուժածներ, բարեբախտաբար, չկան:
Դեպքի պահին դերասանը տանն է եղել իր ծնողների հետ, հարեւանները որեւէ բան լսել են, թե ոչ, դժվարացավ ասել, նշեց՝ քննությունը կպարզի. «Ահազանգել եմ ոստիկանություն, արդեն բացատրություն եմ տվել, տեղում զննել են, գործողությունները կատարվել են, պարզապես պետք է ասեմ, որ ոստիկանները եկել են առանց որեւէ դիմակի, առանց սոցիալական հեռավորություն պահելու, այսինքն՝ կորոնավիրուս Հայաստանում չկա, թող պարետն էլ իմանա, որ ոստիկանությունն աշխատում է առանց ձեռնոցի, առանց դիմակի, մինչդեռ տանը կան մեծահասակ ծնողներ»: Դերասանի խոսքով՝ ոստիկանները եղել են մոտ 10-15 հոգի, եւ երբ ինքը հարցրել է, թե ինչու են առանց պաշտպանիչ միջոցների, պատասխանել են, որ չեն հասցրել վերցնել կամ չկար. «Եթե ոստիկանությունը մեզ փողոցում կանգնեցնում է եւ պահանջում, որ մենք ունենանք անցագիր եւ պահպանենք պարետի կանոները, ապա հենց իրենք չեն կատարում»:
Մեր հարցին կրակոցը որեւէ բանի հետ կապում է, որեւէ մեկին կասկածում է՝ Ազոյանը պատասխանեց. «Ո՛չ, կասկածներ չունեմ»: Հարցին հնարավոր չի համարում, որ կարող է կապված լինել ամիսներ առաջ իր վրա տեղի ունեցած հարձակման հետ՝ Ազոյանը պատասխանեց. «Դժվարանում եմ ասել, չեմ կապում»:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ գիշերը՝ ժամը 01:42-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Օրբելի փողոցում գտնվող 8 շենք 65 բնակարանի ուղղությամբ կրակոց է հնչել. «Գնդակը վնասել է պատշգամբի պատուհանի ապակին, այն հայտնաբերվել եւ վերցվել է, նշանակվել են մի շարք համալիր փորձաքննություններ, ձեռնարկվում են միջոցառումներ՝ կատարվածի մանրամասները բացահայտելու համար»:
Դեպքի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:
Նյութի աղբյուր՝ armtimes.com