«Կորոնավիրուսը կարելի է բուժել տրակտորով և սպիրտով». Լուկաշենկո

Մինսկը ԵՄ-ին խնդրել է օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում՝ ակնկալելով 60 միլիոն եվրոյի օգնություն, որը կներառի համաճարակի առաջացրած ճգնաժամից հետո տնտեսության վերականգնումը:

Մինսկն ընդունել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար Եվրամիությունն արդեն միջոցներ է հատկացրել Արևելյան գործընկերության երկրներին, այդ թվում՝ Բելառուսին, բայց, ըստ նրա, պետք են «լրացուցիչ միջոցներ»՝ բժշկական հաստատություններին անհրաժեշտ գնումներ կատարելու, ինչպես նաև տնտեսության համար՝ համաճարակի հետևանքները հաղթահարելու նպատակով:

Ի դեպ, Ռուսաստանը բելառուսներին է հանձնել կորոնավիրուսի հայտնաբերման տասը հազար թեստային համակարգ:

Մինչ օգնությունը տեղ կհասնի, պատվաստանյութն էլ կմշակվի, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շարունակում է երկրի քաղաքացիներին տալ կորոնավիրուսից տրակտորով և օղու միջոցով բուժման խորհրուրդներ: Նա կոչ է արել խուճապի չմատնվել և հանգիստ աշխատել. «Մանավանդ հիմա, գյուղում»: «Մարդիկ աշխատում են տրակտորով, և ոչ ոք չի խոսում վիրուսների մասին: Այնտեղ տրակտորը կբուժի բոլորին»,- ասել է նախագահը:

Կանխարգելիչ միջոցառումների շարքում, ձեռքերը լվանալուց և սննդի ռեժիմ սահմանելուց բացի, Լուկաշենկոն խորհուրդ է տվել նաև ալկոհոլ օգտագործել: «Վերջերս հաճախ եմ կատակով ասում, որ օղիով պետք չէ միայն ձեռքերը լվանալ, կարծում եմ՝ օրական 40-50 գրամ մաքուր սպիրտ խմելով էլ հնարավոր է սպանել վիրուսը»: Նախագահը խորհուրդ է տվել նաև բաղնիք հաճախել. «Չինացիները մեզ հուշեցին, որ վիրուսը չի կարողանում դիմակայել 60 աստիճան ջերմությանը»:

Այս խորհուրդները չեն խանգարում, սակայն, որ կորոնավիրուսով վարակակիրների ու մահվան դեպքերի թիվը Բելառուսում ավելանա: Ըստ վերջին տվյալների՝ վարակակիրների թիվը հասել է 2578-ի, մահացածներինը՝ 26-ի, ապաքինվել է 203 հիվանդ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ