SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ապրիլի 11-ին, զենք-զինամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 11:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տալվորիկ վարչական տարածքում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող հողատարածքներում գտնվող շինություններից մեկի մոտ հակատանկային ական կա:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության խումբը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության ինժեներական զորամասի զինծառայողները:
Փրկարարներն ու սակրավորները նշված վայրում հայտնաբերել են «ՏՄ 62 Պ» տիպի ուսումնական ական, որը տեղում պայթեցման եղանակով վնասազերծվել է: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը:
Փաստի առթիվ ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ահազանգողը եղել է Տալվորիկ համայնքի ղեկավարը: