Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 08:40-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Haise մակնիշի 398 AN 61 համարանիշի և Ford մակնիշի 36 TՏ 008 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և փրկարարները: Երևանի շտապօգնության բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Բախման հետևանքով Haise-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը, խաչմերուկը կարգավորող լուսակիրին ու գովազդային վահանակին՝ կոտրելով դրանք:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Haise ավտոմեքենան հաշվառված է Թալինի հիվանդանոցի հաշվեկշռում և Թալինի հիվանդանոցից հիվանդ էին տեղափոխում «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժածների մեջ էլ շտապօգնության մեքենայի վարորդն է, բժիշկը, հիվանդանոց տեղափոխվող հիվանդը, ևս 1 հոգի, իսկ մյուս վիրավորը Ford-ի վարորդն է: