Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարց ունեմ՝ ըստ մեր բարոյականության կարո՞ղ է արդյոք գողը հերոս լինել, կամ՝ կարո՞ղ է հերոսը գող լինել: Մարդը սովորական գող է, հետո քաջաբար կռվում է, հետո կրկին սովորական գող է: Նա ՀԵՐՈ՞Ս է: Հերոսը լավ կռվելուց զատ բարոյական այլ չափանիշների խնդիր չունի՞: Կարո՞ղ է կին բռնաբարել, մարդկանց ապօրինի ունեզրկել, թշվառացնել, նվաստացնել, բայց մեկ է՝ ՀԵՐՈՍ լինել:
Չեմ ուզում ասել, որ հերոսը հրեշտակ պետք է լինի, բայց օրինավոր, պարկեշտ մարդ պե՞տք է լինի, թե՞ կարող է չլինել: Հարցս բոլորովին հռետորկան չէ: Եվ հարցս բոլորովին իշխանության կողմից տրված կոչումի մասին չէ: Հարցս մեր հասարակության կողմից ընկալման մասին է:
ՈՒզում եմ իսկապես հասկանալ՝ մեր հասարակական բարոյականությունը հերոսից սովորական պարկեշտության պահանջ ունի՞, թե՞ հաշտ է «հերոս»-ի անբարոյականության հետ: Այսօր քանի տեղ հանդիպեցի «հերոս Մանվել» արտահայտությանը:
Հարց է առաջանում՝ մենք կարո՞ղ ենք սահմանել ռազմական այնպիսի պարգևներ, որոնք միայն ռազմական նվաճումներն են հատկանշում: Թե՞ հաշտվենք «հերոս»-ի անբարոյականության հետ»: