Factor.am-ի զրուցակիցը ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանն է: Նա այս օրերին ինքնամեկուսացել է, և, որպես օրինավոր քաղաքացի, տնից դուրս է գալիս միայն խանութ այցելելու համար: Դերասանը նկատում է՝ հայ ժողովուրդը դժվարին պահերին առավել քան միաբան է:
-Պարո՛ն Քոթանջյան, հիմա ինչպես ամբողջ աշխարհի, հայ ժողովրդի համար ևս դժվարին ժամանակներ են: Դուք ինչպե՞ս եք անցկացնում Ձեր օրերը:
-Համեմատած շատ ու շատ երկրների հետ՝ մենք ավելի կազմակերպված ենք: Երկու-երեք օրը մեկ անգամ դուրս եմ գալիս, գնում եմ խանութներ, տեսնում եմ մարդկանց բարյացակամ վերաբերմունքը թե՛ իմ, թե՛ մեկը մյուսի նկատմամբ: Մարդիկ փափկել են, փոխվել: Հիմա մարդիկ ավելի պատրաստակամ են բարի գործեր անելու համար, փորձում են հնարավորինս օգտակար լինել միմյանց: Դա հիշեցրեց ինձ անկախության առաջին դաժան տարիները, 1990-ականները: Մեր ազգը կարողանում է դժվար օրերին համախմբվել, մաքրվել:
-Դուք գո՞հ եք կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ կառավարության տարած աշխատանքից: -Այո, կարծում եմ՝ լավ են աշխատում, աստիճանաբար ավելի լավ կլինի: Աստված տա՝ ամեն բան շուտ անցնի, կարողանանք վայելել միմյանց:
-Ի՞նչ եք կարծում՝ մարդիկ այս ճգնաժամը հաղթահարելուց հետո կկարողանա՞ն գնահատել մանրուքները, մարդկային բարձր արժեքները: -Ինձ թվում է՝ կորոնավիրուսից հետո աշխարհը կփոխվի դեպի լավը, եթե մարդիկ իսկապես մտածեն այս օրերին, անհրաժեշտ եզրահանգումներ անեն: Հիմա շատերն ուղեղներն անջատել են, գերադասում են քնել, հեռուստացույց դիտել: Ես էլ եմ հեռուստացույց դիտում, բայց գոնե փորձում եմ հետևություններ անել, մտածել՝ ինչ կարող էի անել մինչև հիմա, որ չեմ արել:
-Ի՞նչ ֆիլմեր խորհուրդ կտաք դիտել այս օրերին:
-Անդրադարձեք դասականներին և նոր հայացք նետեք թեկուզ արդեն հայտնի ֆիլմերին…Ջեք Նիկոլսոն, Ալ Պաչինո…Սրանք այն արտիստներն են, որոնց մասնակցությամբ ֆիլմերը պետք է էլի ու էլի դիտել: