Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքը կիրականացվի ապրիլի 12-ին

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 12-ին, ժամը 15։40-ին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը։

«Իրականացվելիք չարտերային թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիների համալրվող ցուցակը պարբերաբար հրապարակվում է Facebook սոցիալական ցանցի դեսպանության էջում (@armembrus): Ցուցակագրված քաղաքացիներն ապրիլի 12-ին (ժամը` 12.00-ին) պետք է մոտենան «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի |25| — |30| հաշվառման սեղաններին՝ նստեցման կտրոնի ստացման և ուղեբեռի հանձնման նպատակով»,- հայտնում է դեսպանությունը։

Թռիչքով Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել այն ՀՀ քաղաքացիներին, որոնք Մոսկվա էին ժամանել այլ քաղաքներից Հայաստան մեկնելու նպատակով, բայց թռիչքների չեղարկման պատճառով չէին կարողացել մեկնել, այն ՀՀ քաղաքացիներին, որոնք այս օրերին գտնվում են դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներում, մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, մեծահասակներին, հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին, ծայրաստիճան բարդ կացության մեջ հայտված քաղաքացիներին (նամակ-խնդրանքները ներկայացրած դեսպանության թեժ գծի և/կամ datacitizen@armem.ru էլ.հասցեի միջոցով):

Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. նրանք օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր:

Մոսկվայից Երևան ապրիլի 6-ի (WZ4323) թռիչքի տոմսերի ձեռքբերման հարցում առաջնահերթություն էր տրվել այն ՀՀ քաղաքացիներին, որոնք վերջին օրերին ՌԴ այլ քաղաքներից տարանցիկ ճանապարհով ժամանել էին Մոսկվա, չէին կարողացել մեկնել Հայաստան չվերթների չեղարկման պատճառով և ստեղծված իրավիճակում գտնվում էին օդանավակայանում ու հարակից տարածքներում։ Չվերթի տոմսերը սպառվել էին կարճ ժամանակում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ