Երևան քաղաքապետարանի համակարգում ներգրավված մոտ 2000 աշխատակից վարձատրության մի մասը տրամադրել է կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին։ Ասուլիսին այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Շուրջ 2000 աշխատակից վարձատրության մի մասը զիջել է վարակի դեմ պայքարող շուրջ 1800 բուժաշխատողի։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ մարտի իր ամբողջ աշխատավարձն է տրամադրել բուժաշխատողներին»,- նշեց Կարապետյանը։
Մարությանն ապրիլի 9-ին հրապարակել էր այն ստացականը, որտեղ երևում էր, որ նա իր մարտ ամսվա ողջ աշխատավարձը փոխանցել է շտապ օգնության հաշվեհամարին։
«Քանի որ երբեք պարգևավճար չեմ ստացել, ուստի, ինչպես և խոստացել էի, Շտապբուժօգնության հաշվեհամարին փոխանցել եմ մարտ ամսվա աշխատավարձս` 429.000 դրամ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բուժաշխատողներին իրենց հերոսական աշխատանքի համար»,- կից գրել էր Երևանի քաղաքապետը:
Ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, որոնց ժամանակացույցի վերաբերյալ կլինեն պարետի համապատասխան որոշումներ:
Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 977 է, արձանագրվել է մահվան 13 դեպք: Ապաքինվել է 173 մարդ: