Կարմիր գծերի տուգանքները, պայմանավորված առկա վիրուսային իրավիճակով, կհանվե՞ն, թե՞ ոչ: Այսօր` ապրիլի 11-ին, Կառավարության մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ նման հարց ուղղվեց Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երևանի օպերատիվ շտաբի ղեկավար, քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանին, ինչին ի պատասխան, նա հորդորեց վարորդներին այս օրերին առավել զգուշավոր վարել մեքենաները և չխախտել կանոնները:
«Չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև չգիտեմ՝ իրավական առումով ինչու պետք է հանվեն: Ցավոք, նկատել եմ այս օրերին, որ վարորդները գիտակցելով, որ մեքենաների քանակը քչացել է, ավելի վթարային և արկածախնդիր ձևով են վարում մեքենաները: Այն խախտումները, որ տեսնում եմ, սովորական ժամանակ չէին արվում, դրանք վտանգավոր են: Հիմա ավելի հեշտ ֆորմատի մեջ են ընկել, հասկանում եմ, մեքենաները քիչ են, հեշտ են վարում, բայց հիմա պետք է ավելի զգույշ և օրենքին համապատասխան վարել»,- ասաց Հարությունյանը:
Հարցին՝ կա՞ն արդյոք վարորդներին աջակցելու ծրագրեր, բանախոսն ասաց, որ երկարաձգելու մասին պաշտոնական տեղեկություն չունի, իսկ նման քննարկում Երևանի քաղաքապետարանում առայժմ տեղի չի ունեցել: