Կորոնավիրուսի կանխարգելման համար պետությունը մեկ ամիս երկրում արտակարգ դրություն հայտարարեց, սահմանափակեց մարդկանց տեղաշարժը և մի շարք ընկերությունների աշխատանքը: Իշխանությունները մարդկանց ամեն օր հորդորում են, որ տնից դուրս չգան` ինքնամեկուսանան:
Նույնիսկ Վարչական և Քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարվեցին` պետության հորդորներին չհետևած քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելու համար: Իսկ այն մարդկանց, ովքեր կոնտակտավոր են, կամ վերադարձել են ռիսկային երկրներից, նրանց մեկուսացնում են տարբեր վայրերում ու հյուրանոցներում: Այսօր «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ որոշ հյուրանոցների տերեր հրաժարվել են իրենց հյուրանոցը հատկացնել որպես մեկուսարան։
Զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանը ասաց, թե այս պահին քանի հյուրանոց է որպես մեկուսարան աշխատում, քանիսն են հրաժարվել և ինչպես է կատարվում նրանց վճարումները:
«Այս պահին 30 և ավելի հյուրանոց է ծառայում որպես մեկուսացած անձանց կացարան։ Ըստ մեկուսացողների քանակի՝ օրական կտրվածքով ավելանում են նոր հյուրանոցներ։ Որեւէ հյուրանոց մերժում չի ստացել, ուղղակի ընտրելիս առաջնորդվել ենք հյուրանոցների հնարավորինս շատ սենյակներ (50+) ունենալու եւ այդ պահին հյուրեր ընդունելուն պատրաստ լինելու հանգամանքով։ Հյուրանոցների անունները հրապարակելուց ձեռնպահ կմնանք: Հյուրանոցները վճարվում են իրենց կողմից ներկայացված գնառաջարկի հիման վրա»,-նշեց նա: