30-ամյա տղամարդը, դստեր վիրահատության փաստից հուզված, կոտրել է հիվանդանոցի դռան ապակին

Ապրիլի 1-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ մի երիտասարդ կոտրել է հիվանդանոցի մուտքի դռան ապակին:

Հաղորդումը ստանալուն պես իրավապահները համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, որ արարքը կատարել է Լոռու մարզի Լեռնապատ գյուղի 30-ամյա մի բնակիչ: Նա նույն օրը՝ ժամը 17-ի սահմաններում, մարմնական վնասվածք ստացած դստեր վիրահատության փաստից հուզված և վրդովված` ձեռքով խփել ու կոտրել էր հիվանդանոցի դռան ապակին:

Տղամարդը բաժին հրավիրվեց: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Նշենք, որ 2020 թվականի ընթացքում բժշկական կենտրոնի դռների եւ պատուհանների ապակիները ոչնչացնելու 11 նման դեպք է գրանցվել, նույնիսկ այս օրերին, երբ գրեթե ողջ բուժանձնակազմը օր ու գիշեր պայքարում է մահաբեր վիրուսի դեմ:

Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն` գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը համարվում է սեփականության դեմ ուղղված հանցագործություն: Բայց մի՞թե հարկադրանքի միջոցներ են պետք գիտակցելու համար, որ չի կարելի կոտրել հիվանդանոցի դռներն ու պատուհանները: Ընդամենն անհրաժեշտ է խնամքով վերաբերվել շրջակա միջավայրին, սիրել սեփական երկիրը եւ հիշել, որ ագրեսիվ պահվածքը նպատակին հասնելու միջոց չէ: Հույզերը կառավարել է պետք: Իսկ եթե կան խնդիրներ, ապա դրանք լուծելու համար սթափ դատողություն, օրինահարգ վարք եւ զսպվածություն է պահանջվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ