Երեկ Մոսկվայից Երևան են եկել Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը․ «Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ 14 օր կլինեն կարանտինի ռեժիմի մեջ»։
Երևան հասնելուց հետո մեր քաղաքացիների մի մասին տեղավորել են կենտրոնում գտնվող հինգաստղանի հյուրանոցներում։ Մի մասը «Փարիզ» հյուրանոցում է, մյուս մասը՝ «14-րդ հարկ» հյուրանոցում։ Մեզ հետ զրույցում մեկուսացված քաղաքացիներից մեկը, որը Գեղարքունիքի մարզից է, սակայն ներկայանալ չցանկացավ, ասաց, որ գոհ են պահման պայմաններից: «Օրվա ցանկացած ժամի կարող են զանգ տալ և րոպեներ անց գալիս են մեզ լսելու, երկու անգամ ջերմաչափում են՝ առավոտյան և երեկոյան»,- ասաց նա։
Բացի այդ, նա նաև ասաց, որ սննդից էլ են գոհ․ «Գիշերը մեր հասնելուն պես բերեցին մեզ սնունդ, առավոտյան ևս բերել են և տեղեկացրել, որ օրական երեք անգամ այն մեզ կտրամադրվի»։
Ի դեպ, մեկուսացված մեր հայրենակիցը նաև լուսանկարներ է տրամադրել մեզ, թե ինչ պայմաններում են իրենք պահվում։ Սա «Փարիզ» հյուրանոցում մեկուսացվածի պատմությունն էր։ Երեկ, սակայն, ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթացել, մի պահ անգամ իրավիճակը լարվել է, երբ «14-րդ հարկ» հյուրանոցում մեկուսացվածները որոշել են, որ պետք է դուրս գան և շրջեն դրսում։ Ոստիկանները, սակայն, կարողացել են նրանց «շրջայցը» կասեցնել և վերադարձնել հյուրանոց։