Հայաստանում 215 հազար թոշակառու անձ թոշակը ստացել է իր տանը

Հայաստանում փոստատարները 215 հազար թոշակառուի տներ են հասցրել նրանց թոշակները, գործընթացը շարունակվում է: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նախարարը նախ շնորհակալություն հայտնեց «Հայփոստի» աշխատանքի համար:

«Հազարավոր աշխատակիցներ այս օրերին իրենց ծառայությունն են մատուցում մեր քաղաքաքացիներին, նաև խոցելի խմբերին: Արդեն հայտնել էինք, որ փոստատարները կառաքեն թոշակները խոցելի խմբում գտնվող մեր կենսաթոշակառուների համար, որոնք կանխիկ էին ստանում: Հիմա այդ գործըընթացը գրեթե ավարտին է մոտենում: Ընդհանուր առմամբ արդեն իսկ 215 հազար թոշակառուի թոշակներ առաքվել են իրենց բնակարաններ»,-ասաց նախարարը:

87 հազար ընտանիքների արդեն առաքվել են նաև իրենց նպաստները և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար նախատեսված միջոցները:

Արշակյանի խոսքով՝ կենսաթոշակառուների թոշակներն արդեն 96 տոկոսով հասցված են հասցեատերերին, իսկ նպաստների մասով  այդ ցուցանիշը 77 տոկոս է: Առաջիկա օրերին գործընթացը ավարտին կհասցվի:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ