Ապրիլի 7-ն է՝ ոչ միայն Մայրության ու գեղեցկության, այլև աշխարհին առողջություն մաղթելու օրը:
Առողջության համաշխարհային այս օրն ընդունվել է՝ որպես խորհրդանշական օր՝ աշխարհի առաջնորդներին հիշեցնելու հատկապես բուժքույրների և մանկաբարձների աշխատանքի կարևորության մասին:
Ինչպես նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում, բուժքույրներն ու մանկաբարձներն առաջին օղակն են, որ շփվում են հիվանդ մարդկանց հետ, նրանց բարձրորակ, հարգալից վերաբերմունքը և խնամքն է օգնում, որ մարդիկ շուտ ապաքինվեն, բուժման ընթացքում էլ առավել լավ զգան իրենց: Բուժանձնակազմի հենց այս հատվածի շնորհիվ են հավաքվում առավել մանրամասն տվյալներ կլինիկական հետազոտությունների համար: Առանց բուժքույրների դա ուղղակի չէր ստացվի:
Հիշեցնելով, որ 2020 թվականը հայտարարված է Բուժքույրների և մանկաբարձների միջազգային տարի՝ այսօր՝ Առողջության համաշխարհային օրը, ԱՀԿ-ն կոչ է անում գտնել մի րոպե և շնորհավորել նրանց:
Նախատեսվում է այսօր ներկայացնել զեկույցներ, կազմակերպել քննարկումներ ամբողջ աշխարհում բուժքույրների ներկայիս կարգավիճակի մասին, հանդես գալ մի շարք առաջարկություններով բուժքույրական և մանկաբարձական աշխատուժի աշխատանքի արդյունավետության բարձրացման համար:
«Սա կենսական նշանակություն կունենա»,- հավաստում է ԱՀԿ-ն՝ ընդգծելով, որ համընդհանուր առողջության լուսաբանման, մոր և մանկան առողջության, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, հոգեկան առողջության, շտապօգնության և արձագանքման, հիվանդների անվտանգության և խնամքի խնդիրները համակարգային լուծման կարիք ունեն: