Ավտոների առք ու վաճառքի շուկան կանգնած է, ոչ մի շարժ այնտեղ չկա: Մեքենաների վաճառքի մասնագետ Գագիկ Մամուլյանը լրագրողի հետ զրույցում նշեց․
«Այն կանխատեսումները, թե հունվարի 1-ից ավտոմեքենաների գները կբարձրանանա, դա շուտ էր արվել, երբ նշվում էր, որ ԵԱՏՄ օրենքներով երբ մաքսազերծումը թանկանա, մեքենաների գներն էլ կբարձրանան: Բայց այդ կոլապսային իրավիճակում այնքան մեքենաներ ներմուծվեցին, որ հնարավոր չի լինի մեքենաների թանկացումը: Դրան հակառակ` մեքենաներն էժանացան հունվարից սկսած»,-հավելեց նա:
Մամուլյանի խոսքով` մոտավոր հաշվարկով 200-300 հազար մեքենա այս պահին վաճառքի համար է նախատեսված, ինչը ահռելի մեծ թիվ է Հայաստանի համար. «Քանի որ այդ մեքենաների մեծամասնությունը ձեռք է բերված վարկային միջոցներով, վերջիվերջո բանկերը սկսելու են հետ պահանջել իրենց վարկերը, իսկ սեփականատերերը նվազագույն վնաս կրելու միտումով փորձելու են այդ մեքենաներից շուտ ազատվել:
Մեքենաների մի փոքր էժանացում նկատվել է հունվար-փետրվար ամիսներին ու այս պահին լրիվ զրոյական վիճակում է, նույնիսկ հաշվառման կենտրոնը չի աշխատում, որպեսզի գործարքներ կատարվեն:Ու այսպես կմնա այնքան ժամանակ, մինչև շուկան բացվի: Շուկայի բացվելուց հետո որոշակի էժանացում կնկատվի մոտ երկու ամսվա մեջ:Թանկացում չի լինի, քանի որ լճացած է վաճառքն այս պահին Հայաստանում»: