Արցախի առողջապահության նախարարության տվյալներով՝ նախորդ օրը Հայաստան ուղարկված երկու փորձանմուշների հետազոտության արդյունքներն այսօր ստացվել են, մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական՝ տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
«Հաստատված դեպքի մասին հարկ ենք համարում հիշեցնել, որ վերջինս ապրիլի 2-ին առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ից՝ «վարակի օջախ» համարվող բնակավայրից: Երկրորդ քաղաքացին, որը թեստավորվել է, եղել է ՀՀ-ից վերադարձող քաղաքացու հարևանուհին, ով ապրիլի 4-ին այլ խնդրով տեղափոխված է եղել նույն բուժմիավորում՝ բրոնխիտի ախտանշաններով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացին ՀՀ-ից Արցախ վերադառնալուց հետո գտնվել է Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում, ապա նախորդ օրերին նրա հետ առնչված բոլոր քաղաքացիները, ապահովության նկատառումներով, նախօրոք ինքնամեկուսացել են՝ 17 քաղաքացի: Այդ քաղաքացիներն այս պահին որևէ ախտանշան չունեն:
Արցախի համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնը նրա հետ հնարավոր շփումների շրջանակը ճշտելուց հետո, օրեր առաջ, ինքնամեկուսացված քաղաքացիների առանձնատներում անհրաժեշտ ախտահանիչ աշխատանքներ է իրականացրել:
Նշենք, որ բնակավայրը շրջկենտրոնից գտնվում 39 կմ հեռավորության վրա, մայրաքաղաքից՝ 89 կմ-ի վրա:
Վերոնշյալ բնակավայրը քաղաքացուն մեկուսացնելուց հետո գտնվել է վերահսկողության տակ:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին հորդորում ենք՝ հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ: