«Այս պահին մեկուսացման վայրերում է գտնվում մոտ 1500 քաղաքացի, ինքնամեկուսացել է ավելի քան 5000 քաղաքացի՝ հատուկ ցուցումով տրված: Արդեն մեկուսացումից դուրս եկած 400-ից ավելի քաղաքացիներ ունենք, որոնց թիվը գնալով մեծանում է»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերով տեղեկացրեց առողջապահության նախարարը։
Արսեն Թորոսյանը նշեց, որ պացիենտների մեծ մասը նույնիսկ ջերմություն չունի, սակայն երեկ երեկոյան տվյալներով կան թոքաբորբ ունեցող քաղաքացիներ՝ մոտ 146-ը, ծանր վիճակում գտնվող պացիենտներ՝ 30 հոգի, որոնք դեռ ռեանիմացիոն չեն, պարզապես թթվածնի կարիք ունեն, և կա ծայրահեղ ծանր 8 հիվանդ։
Առողջապահության նախարարը նաև անդրադարձավ դիմակների օգտագործմանը, նշեց, որ այն ցուցված է բուժաշխատողների ու վարակակիրների համար, կամ այն մարդկանց համար, որոնք սուր շնչառական հիվանդություն ունեն։
«Հիվանդությունը հիմնականում փոխանցվում է տարբեր մակերեսներից ձեռքով վերցնելու և ձեռքը քթին կամ աչքերին հպելու դեպքում։ Դիմակներն այս դեպքում ոչ թե օդային ճանապարհով վարակը կանխարգելելու համար են, այլ հիմնականում օգնում են, որ ձեռքը պատահաբար, անգիտակցորեն չմոտեցնենք մեր շուրթերին կամ քթին։ Դեմքին հպվելու դեպքում ձեռքն անգիտակցորեն չպետք է մոտեցնել քթին, աչքերին պետք է լվանալ ձեռքերը՝ անընդհատ կանխարգելելով վարակի տարածումը»,- ասաց Թորոսյանը։
Նախարարը նշեց, որ ամբողջ աշխարհում դիմակների դեֆիցիտ է դիտվում, կամ գինը հարաբերականորեն բարձր է լինում պահանջարկի պատճառով։ Տեղեկացրեց, որ ԱՀԿ-ն, ամերիկյան հիվանդությունների կանխարգելման կենտրոնները որոշել են խորհուրդ տալ կրել նաև տնային պայմաններում կարված դիմակներ, ինչպես նաև կտորե դիմակներ։ Պետք է, սակայն, դրանք կրել պայմանով՝ որ պարբերաբար կթարմացվեն կամ կլվացվեն շատ բարձր ջերմության ջրով և կօգնեն մարդկանց, որ առօրյայում ձեռքերով չդիպչեն բերանին, քթին։
Թորոսյանը նշեց, որ հիմնվելով միջազգային փորձի վրա՝ թարմացվում են խորհուրդները, և շուտով նոր ուղեցույց կհրապարակվի։