ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, ՀՀ բնապահպանության նախարարությունում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում, տվյալներ են ձեռք բերվել հիշյալ նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու վերաբերյալ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից, առերևույթ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, համապատասխան իրավական ակտերի պահանջների խախտմամբ, ջրօգտագործման թույլտվություն է տրամադրվել Հայաստանում գործող ՀԷԿ-երից մեկին:
Քրեական գործից հիշյալ պաշտոնատար անձի վերաբերյալ մասն անջատվել է և ըստ քննչական ենթակայության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն,- տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեն:
Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ։ Հարությունյանի նկատմամբ 2019 թ. հունվարից հայտարարվել է հետախուզում, որոշում է կայացվել նրան կալանավորելու մասին: