«Նաղդ ջրող է տուգանքը…» փաստաբանը վստահեցնում է՝ ՃՈ-ն ապօրինի՞ է տուգանել Աննա Հակոբյանին

 Վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, Ճանապարհային ոստիկանությունը տուգանել է, քանի որ նա կառավարական առանձնատան տարածքում իր անչափահաս դստերը մեքենա վարել է սովորեցրել, 13-ամյա Շուշանն էլ մեքենա վարելու այս դասընթացի կարճ տեսանյութը տեղադրել էր ինսթագրամյան իր էջում։

Նախ, երեկ առավոտյան սոցցանցերում բավականին բուռն քննարկվում էր այդ տեսանյութը, մինչեւ առաջին տիկնոջ խոսնակը պարզաբանում տարածեց, որ Շուշանը վարում է Փաշինյանների ընտանիքի Nissan qashqai մեքենան, դասընթացը անց են կացնում առանձնատան տարածքում եւ որեւէ մեկը չի տուժել այս գործունեության արդյունքում։ Թեման գուցե այսպես էլ մարեր, եթե չլիներ երկրորդ արարը։ Իսկ երկրորդ արարի հեղինակը պարզվեց ՀՀ ճանապարհային ոստիկանությունն էր։ Նույն օրը երեկոյան Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց տուգանք կիրառելու մասին ՃՈ ակտը՝ շնորհակալություն հայտնելով ՃՈ-ին իր սկզբունքային աշխատանքի համար եւ շեշտելով, որ նաեւ դրա՛ համար են հեղափոխություն արել եւ այդ փաստով եւս մեկ անգամ հավաստվում է, որ Նոր Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ։ Նմանատիպ մեկնաբանությամբ տուգանքի մասին հրապարակմամբ կիսվեց նաեւ վարչապետ Փաշինյանը։

Շուշանի մեքենա վարել սովորելու տեսանյութի շուրջ քննարկումները, այսպիսով, ավելի շիկացան։ Շատերն այն որակեցին հերթական PR քայլի շրջանակներում, ոմանք դա դիտարկեցին որպես օրենքի առջեւ բոլորի հավասարության իրական օրինակ։ Մյուսների համար այս պատմության մեջ բազմաթիվ մութ հարցեր մնացին. նախ, շատերի համար նորություն էր, որ փաստորեն տան բակում, որը երթեւեկելի ճանապարհ չէ, երեխային ղեկը վստահելը, որեւէ վատ հետեւանք չառաջանալու պայմաններում, խախտում է։

Շատերին հետաքրքիր էր պարզել նաեւ, թե քանի հոգու է ճՈ-ն իր սեփական տան բակում մեքենա քշելու, այդ պահը անմահացնելու եւ սոցցանցերում տիրաժավորելու համար տուգանել։ Ինչեւէ, մինչ շատերը քննարկում են այս պատմության ենթատեքստերն եւ նպատակները, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայտնում է, որ «նաղդ ջրող է այս տուգանքը, քանի որ թույլատրելի ապացույց չկա»։

Փաստաբանը նշում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 251-րդ հոդվածը նախատեսում է թույլատրելի ապացույցների շարքը, որոնցով վաչական մարմինն իրավունք ունի ղեկավարվել եւ վարչական տույժ նշանակել։ Instagram-ում կատարված լուսանկարը կամ տեսանյութը թույլատրելի ապացույց չէ, նման ապացույցի տեսակ չկա։

Փաստաբան Սիրունյանի խոսքով՝ նույն տրամաբանությամբ վերջին շաբաթվա ընթացքում սոցիալական ցանցերում քեֆերի, ուրախությունների լուսանկարներով կիսվողներին կարելի է տուգանել արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար, բայց դրանք եւս թույլատրելի ապացույց չեն։ Նրա դիտարկմամբ՝ ՃՈ-ն Աննա Հակոբյանին ապօրինի է տուգանել եւ վերջինս հանգիստ կարող է բողոքարկել այդ որոշումը եւ հասնել դրա չեղարկմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ