«Քանի դեռ արտակարգ դրություն է, սերը պահեք ձեզ»․ Մարությանը՝ Խաժակյանին

Գնման մրցույթ հայտարարված չէ, բայց Երևանում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում, ենթադրում եմ՝ քաղաքապետարանի համաձայնությամբ: Այդ մասին Երևանի ավագանի նիստում ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հարցնելով Հայկ Մարությանին, թե ինչ հիմունքներով է դա իրականացվում: «Ինչպե՞ս եք լուծելու այդ մարդկանց աշխատավարձի հարցը, թե՞ ասել եք՝ արեք, միևնույն է՝ դուք եք հաղթելու»,- նշեց նա:

«Նման բաներ տեղի էին ունենում ձեր կողմից շատ սիրված Վահե Նիկոյանի և Տարոն Մարգարյանի ժամանակ, տարբեր քաղաքապետերի և փոխքաղաքապետերի ժամանակ…»,- ասաց քաղաքապետը:

«Դուք վիրավորական խոսքեր եք ասում, ես ձեզ չեմ կարող թույլ տալ նման բաներ ասել…»,- փորձեց միջամտել Դ.Խաժակյանը:

«Երբ դուք խոսում էիք, ես չէի միջամտում… Լսեք պատասխանը: Այո, այն ժամանակ նման բաներ կատարվում էին, հիմա չեն կարող կատարվել… Գուցե դուք կուզենայիք լինել քաղաքապետ, որպեսզի նման բաներ կատարվեին, բայց քանի դեռ ես եմ քաղաքապետը, նման բաներ չեն կարող կատարվել…»,- հայտարարեց Հ.Մարությանը:

«Որքան սիրում եմ Վահե Նիկոյանին և Տարոն Մարգարյանին, այնքան էլ ձեզ եմ սիրում, խանդով չվերաբերվեք: Գուցե մի քիչ սրտնեղեցիք, քանի որ ապօրինության մասին խոսեցի…»,- արձագանքեց Դ.Խաժակյանը:

«Քանի դեռ արտակարգ դրություն է, սերը պահեք ձեզ, քանի դեռ ես այստեղ եմ, քաղաքապետարանում չի կարող լինել ապօրինի գործողություն: Ով կկատարի, կպատժվի օրենքի ողջ խստությամբ»,- ասաց Հ.Մարությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ