Այսօր Միջինք է

Մեծ Պահքի 24-րդ օրը նշվում է Միջինք: Միջինքով կիսվում է Մեծ Պահքը: Այս տարի այդ օրը մարտի 18-ին է:

Ժողովրդական ավանդույթի համաձայն՝ Միջինքի օրը ընտանիքներում հայ կանայք պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են թաքցնում, փոքրիկ թղթերի վրա գրված սաղմոսներ կամ էլ փայտյա խաչ են դնում: Այն բաժանում են տան բոլոր անդամներին՝ բաժին հանելով նաև անասուններին ու հողին: Ում բաժին է հասնում մետաղադրամը կամ փայտյա խաչը, նրան հաջողություն է սպասվում ողջ տարվա ընթացքում: Եթե դանակը հատում է մետաղադրամը, նշանակում է հաջողությունն ամբողջ ընտանիքինն է:

Հայաստանի որոշ շրջաններում Միջինքի նախորդ օրը եկեղեցիներում թասի մեջ լցնում են ջուր և ձեթ, որում մինչև առավոտ վառվում է խաչաձև պատրույգ: Դա կոչվում է «լիճք»: Առավոտյան այն հավասարաչափ բաժանվում է բոլոր ներկաների միջև, ովքեր այդ ջուրը խմորի հետ խառնելով, պատրաստում են բաղարջը:

Հարկ է նշել, որ Միջինքի օրը պահքը չի լուծվում և շարունակվում է: Ուստի այս ուրախության օրը պետք չէ շփոթել, օրինակ, Բարեկենդանի հետ և ճաշակել զանազան ոչ պահքային ուտեստներ:

Միջինքի` պահոց բաղարջ պատրաստելու բաղադրատոմս․

1 կգ ալյուր, 100 գր. մեղր, 150 գր. ձեթ, 200 գր. ջուր, 12 գր. սոդա, 20 գր., աղ:
Ալյուրով, մեղրով, աղով, ձեթով, խմորի սոդայով և գոլ ջրով, առանց երկար հունցելու պատրաստել պինդ խմոր, ծածկել խոնավ շորով և թողնել 15-20 րոպե: Ապա խմորի որևէ հատվածում դնել արծաթյա դրամ կամ փայտե խաչ, գրտնակել 1-1.5սմ հաստության կլոր շերտով, երեսին պատառաքաղով գծեր քաշել, մի քանի տեղից ծակել, մեղր քսել և թխել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ