Ինչքան ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում տարբեր առարկաների վրա

Գիտնականները պարզել են, որ նոր տեսակի կորոնավիրուսը առարկաների մեծամասնության մակերեսին պահպանվում է 72 ժամ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ ներկայացնելով բրիտանացի մասնագետների հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են New England Journal of Medicine ամսագրում:

Հետազոտողները համեմատել են, թե ինչպես են համավարակի վերածված SARS-CoV-2 կորոնավիրուսի և դրան նախորդած SARS-CoV-1 վիրուսը տարածվում տարբեր պայմաններում: Պարզվել է, որ երկուսն էլ գրեթե միանման են գործում: Այս վիրուսները կենսունակությունն ամենից լավ պահպանում են պլաստիկ իրերի և չժանգոտող պողպատի վրա, քան, օրինակ՝ պղնձի և ստվարաթղթի:

Նշվում է նաև, որ օդում հիվանդության հարուցիչները պահպանվում են մինչև 3 ժամ: Մասնագետների խոսքով՝ դա հաստատում է, որ կորոնավիրուսով կարելի է վարակվել օդակաթիլային ճանապարհով:

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Այն տարածվել է ավելի քան 150 երկրում: Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 200 000-ը, մահացածներինը՝ 8000-ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ