Ինչու էին ոստիկաններն այցելել Տիգրան Խզմալյանի բնակարան

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը երեկ երեկոյան ֆեյսբուքում գրառում է կատարել, որտեղ հրապարակել էր միջազգային կազմակերպության տվյալներն այն մասին, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներից 2-ի առողջական վիճակը ծանր է։

ArmDaily.am-ի հետ զրույցում Խզմալյանն ասաց, որ մի քանի ժամ անց ոստիկանության աշխատակիցները այցելել են իր բնակարան։ «Պատկերացրեք, բազմաբնակարան շենքի գիշերվա 1։30-2։30 ոստիկանների խումբ է գալիս, բղավում, պահանջում բացել։ Երկու անգամ թակել են, դուռը բացել եմ, բայց ներս չեմ թողել, ասելով, որ ներս գալու համար պետք է ծանուցում ներկայացնեն, երրորդ անգամ չեմ բացել, սկսել են աղմկել ու ծեծել դուռը՝ փորձելով արդեն ջարդել։ Ավելի ուշ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա և ԱԺ պատգամավորներից մեկը ներողություն է խնդրել այս պահվածքի համար»,-ասաց նա։ Նրա դիտարկմամբ՝ այստեղ մեկ այլ խնդիր էլ կա։

Նրա դիտարկմամբ՝ Իրանի և Ռուսաստանի փորձը պետք է, որ դասեր պարունակեին, դա այն է, որ ամենավտանգավորը ոչ թե խուճապն է, այլ սուտը, կեղծիքը։ «Իրանում, օրինակ, ամեն ինչ թաքցվում էր փետրվարի 22-ի ընտրությունների համար, ընտրությունները վարակի տարածմանն ամենամեծ խթանը դարձան, քանի որ այնտեղ քվեարկում են մատը հատուկ թանաքամանի մեջ թաթախելով, մատնահետք թողնելով։ Թանաքամանը պարունակում էր վարակի սարսափելի վտանգ։ ԱՄՆ-ն պնդում է, որ այստեղ խրամատներ են փորվում դիակները թաքցնելու համար։ Նույն իրավիճակը Ռուսաստանում է, այնտեղ առաջիկայում հանրաքվե է լինելու, այդ պատճառով էլ իրական վիճակի մասին չի հայտարարվում։

Մինչդեռ Ռուսաստանը Չինաստանի հետ 3,5 կմ կիսաբաց սահման ունի։ Ռուս իրավապաշտպաններն ու իրավագետները պնդում են, որ հունվարից 1500-1600 մարդ է մահացել։ Մենք պետք է ընտրենք 2 մոտեցումների միջև՝ Եվրոպայի փորձը, որտեղ ասվում է ողջ ճշմարտությունը, կամ ասիականը, որտեղ թաքցվում է ողջ ճշմարտությունը»։ Խզմալյանն ընդգծեց, որ ինքը չի ներկայացրել թվեր, որոնք հակասում էին ՀՀ պաշտոնական տեղեկատվությանը։ Ներկայացրել է միջազգային կազմակերպության վիճակագրություն, որտեղ նշվում էր, որ Հայաստանում հիվանդներից 2-ը գտնվում են ծանր, կրիտիկական վիճակում։ «Բոլոր դեպքերում ծիծաղելի, է որ սա դարձավ ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Դա շատ վատ նախադեպ կարող է լինել։ Սա է մարդկանց մոտ խուճապ առաջացնում»,-ասաց Խզմալյանը։

Նշենք, որ իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ավելի վաղ ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել դեպքի առնչությամբ․ «Արձանագրում եմ, որ Տիգրան Խզմալյանի նկատմամբ պահանջը եղել է ոչ իրավաչափ, և անհրաժեշտ չի եղել արտակարգ դրության պայմաններում տեղեկատվության տարածման սահմանափակման պահանջներին, որն անհրաժեշտ է ժողովրդավարական պետության անվտանգության ապահովման տեսակետից»։

Ոստիկանության մամուլի ծառայությունից factor.am-ին հայտնել էին, որ ոստիկանները գործել են արտակարգ դրության իրավական ռեժիմին առնչվող օրենսդրության շրջանակներում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ